2020-ի մարտին Հայաստանի սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը (2021թ. մարտը 2020թ. մարտի նկատմամբ) կազմել է 5.8%, հայտնում են Վիճակագրական կոմիտեից, փոխանցում է «Հետքը»:
2021-ի հունվարին 12-ամսյա գնաճը կազմել է 4.5%, փետրվարին՝ 5.3%, ընդհանուր առմամբ, 2021-ի առաջին եռամսյակի հաշվարկներով՝ հունվար-մարտին, նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ, սպառողական շուկայում արձանագրվել է 5.2% գնաճ։
Փետրվարին և մարտին գնաճի ցուցանիշով առաջատարներն են սննդամթերքի մի քանի ապրանքախմբեր, օրինակ՝ ձուն, ձեթը, շաքարավազը, կաթնամթերքը, միրգը։
2021-ի մարտին 2020-ի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4% գնաճ։ Միրգը թանկացել է 10.9%-ով, բանջարեղենը՝ 1.4%-ով, արևածաղկի բուսական յուղը՝ ձեթը 62.2%-ով է թանկացել, շաքարը և շաքարավազը՝ 40.9%-ով, կաթնամթերքը՝ 16.5%-ով, ձուն՝ 78.2%-ով, ձուկը և ծովամթերքը՝ 2.6%-ով, մսամթերքը՝ 3.4%-ով։
Կենտրոնական բանկի կանխատեսմամբ՝ առաջիկա եռամսյակների գնաճը կպահպանվի բարձր մակարդակում, միայն տարեվերջին այն նվազման միտումներ կարող է գրանցել։