AM
6 April 2021 - 11:25 AMT

ՊԵԿ նախագահ. Ստվերը կա և միշտ լինելու է, անգամ ստվերի թույլատրելի շրջանակ կա

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը, անդրադառնալով հարցին, թե այժմ բիզնեսի քանի տոկոսն է ստվերում, ասել է, որ ստվերը կա և միշտ լինելու է, անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ։

«Ստվերի մասին գնահատականներին դեռևս վաղ է անդրադառնալ։ Ստվերը կա և միշտ լինելու է, անգամ կա թույլատրելի ստվերի շրջանակ, որն «արդյունավետ» է, այն պետք է լինի։ Իսկ թե ստվերն ինչքան է կազմում, ներկայում մենք գնահատում ենք և այդ աշխատանքները ընթացի մեջ են»,-ասել է նա, գրում է Aysor.am-ը։

Նա հավելել է, որ, դատելով առևտրաշրջանառության ծավալների վերաբերյալ ՊԵԿ-ի վերլուծական տվյալներից, ինքը փաստում է, որ տնտեսությունը հստակ վերականգնվում է, քանի որ դրա մասին են խոսում և՛ շրջանառության ծավալները, և՛ հավաքագրված հարկերը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ամենատարբեր հաշվարկներով՝ Հայաստանում հսկայական ստվերային տնտեսություն գոյություն ունի:

Ստվերային տնտեսություն է համարվում տնտեսական այն գործունեությունը, որը գտնվում է պետական հաշվառումից և կարգավորումից դուրս և այդ իսկ պատճառով չի արտացոլվում պետական վիճակագրության մեջ։ Ունենալով համատարած բնույթ, ստվերային տնտեսական գործունեությունը խոչընդոտում է պետական կառավարման համակարգի գործունեությունը, ինչպես նաև մեծապես ազդում է տվյալ պետության բնակչության կենսամակարդակի և եկամուտների վրա։