Հայաստանյան բանկերում նախատեսվում է ստեղծել բանկային հաշիվների կենտրոնացված ռեեստր, Կառավարությունն առաջարկում է փոփոխություն՝ «ՀՀ կենտրոնական բանկի մասին» օրենքում։
Օրենսդրական նախաձեռնությունն ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ներկայացրել է ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանը։ Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել, առաջիկայում օրինագիծը կներառվի ԱԺ–ի նիստերի օրակարգում։
Երիցյանի խոսքով՝ ռեեստրը ներառելու է բանկային բացված ու փակված հաշիվների, բանկային պահատուփերի տրամադրման ու օգտագործման մասին տեղեկատվություն, բանկի հաճախորդի բանկային հաշվի համարը, հաշվի բացման ու փակման օրվա ամսաթվերը և այլ` բանկային գաղտնիք չհանդիսացող տեղեկատվություն։ Նրա խոսքով՝ պաշտոնյաների ու պաշտոն չզբաղեցնողների միջև տարբերություն չի լինելու․ ստեղծվում է «բոլոր հաշիվների ռեեստր»։
Այն չի պարունակելու նաև բանկային հաշիվների սկզբնական մնացորդի, ընթացիկ հաշվի, կատարվող տեղաշարժերի մասին տեղեկատվություն, ըստ օրինագծի հեղինակների՝ գործընթացը կարող է աջակցել կոռուպցիայի դեմ պայքարին, կոռուպցիոն հանցագործությունների ու փողերի լվացման բացահայտմանը։ Երիցյանի խոսքով` ռեեստրի շնորհիվ նման գործերի բացահայտումը կարագանա ու կպարզեցվի։
Նախատեսվում է, որ ռեեստրում կներառվեն վերջին 5 տարում բացված, փակված ու գործող բանկային հաշիվների մասին տվյալներ։