«Հրազդան-5» կայանի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է, պատճառը՝ գազատուրբինային տեղակայանքի (որը հիմնական սարքավորում է) կապիտալ նորոգման անհրաժեշտությունն է, հայտնել են «Գազպրոմ Արմենիա» ընկերությունից, փոխանցում է Sputnik Armenia-ն։
Ըստ ընկերության` առանց նորոգման հետագա աշխատանքն անհնար է, դրա համար, նախնական հաշվարկով, անհրաժեշտ է մոտ 16 մլն եվրո։ Այդ գումարը չի փոխհատուցվել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկած սակագներով:
«Գազպրոմ Արմենիայից» հիշեցրել են, որ «Հրազդան-5» կայանի արդիականացման նախագծով նախատեսված էր, որ արտադրված էլէներգիայի հիմնական մասը (467 ՄՎտ) պետք է արտահանվեր Իրան, արտահանումն էլ պետք է իրականացվեր Իրան-Հայաստան կառուցվող բարձր լարման օդային գծով, բայց այդ գծի շինարարությունն ավարտված չէ:
Ընկերությունից հայտնել են, որ «Հրազդան-5» կայանը գործարկումից ի վեր աշխատել է ոչ կանոնավոր և իր հզորությունների մոտ 30%-ով, ինչը բերել է նշված գործունեության վնասաբերության։ Դրա հետևանքով ընկերությունն արդեն մոտ $100 մլն-ի վարկ ունի:
Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկը ամբողջական ծավալով շահագործման էր հանձնվել 2013-ի դեկտեմբերի 2-ին։ Նույն օրը ստորագրվել էր համապատասխան փաստաթուղթ, որով «Գազպրոմը» ձեռք էր բերել «ՀայՌուսգազարդի» բաժնետոմսերի 20 տոկոսը` դառնալով ընկերության լիակատար բաժնետեր: