Էկոնոմիկայի նախարարության պատվիրակությունը նախարարի տեղակալ Արման Խոջոյանի գլխավորությամբ Վրաստանում պաշտոնական հանդիպումների շրջանակում քննարկել է գինեգործությանն ու խաղողագործությանն առնչվող հարցեր։ Պատվիրկությունը հանդիպել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարարի տեղակալ Օթար Շամուգիային։
Հանդիպման նպատակն էր քննարկել տարածաշրջանային ծրագրերի իրականացման հնարավորությունները, ինչպես նաև գտնել Վրաստանի տարածքով Հայաստանից դեպի այլ երկրներ կոնյակի սպիրտ և գինի տեղափոխելու ընթացքում առաջացող, այդ թվում՝ մակնշմանն առնչվող խնդիրների լուծման ուղիները:
Հանդիպմանը ներկա էին նաև Վրաստանի Գինու ազգային գործակալության նախագահ Լևան Մեխուզլան, Վրաստանի էկոնոմիկայի, ֆինանսների նախարարությունների ներկայացուցիչներ, պաշտոնատար այլ անձինք։
Հաշվի առնելով խաղողի բերքահավաքը և վերամշակումը վերահսկելու հարցում Վրաստանի փորձը՝ օրակարգային թեմաներից էր նաև այս ուղղությամբ վերահսկման մակարդակը բարձրացնելու նպատակով համատեղ մեխանիզմների մշակումը:
Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել նախնական պայմանավորվածություններ Մսխալի, Սապերավի և Ռքածիթելի խաղողի սորտերի փոխադրման ընթացքում խնդիրների վերացման վերաբերյալ։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ-ում խաղողի Կախեթ տեսակի արտադրությանն ու Վրաստանում Կախեթի աշխարհագրական անվանմանը։ Կողմերը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի Վրաստանի Կախեթի տեղանվան պահպանման և, միաժամանակ, Հայաստանում արտադրվող Կախեթ խաղողի սորտի գինիների անխոչընդոտ վաճառքի հնարավորությունը։
Հայկական պատվիրակությանն ընդունել է Վրաստանի շրջակա միջավայրի և գյուղատնտեսության նախարար Լևան Դավիթաշվիլին։ Հանդիպմանը քննարկվել է գյուղոլորտի տարբեր ճյուղերում երկկողմ համագործակցության հեռանկարներին առնչվող հարցերի լայն շրջանակ։
Որոշ պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ ջանքերով քայլեր ձեռնարկելու տարանցիկ գոտում իրականացվող ստուգումները դյուրացնելու ուղղությամբ։ Այս համատեքստում, ավելորդ խոչընդոտներից խուսափելու նպատակով, զրուցակիցները դիտարկել են նաև Վրաստանի տարածքով փոխադրումների կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերը նախապես պատրաստելու հնարավորությունը։
Արծարծվել են խաղողի արժեշղթայի վերահսկողությանը, գինու կադաստրի ստեղծմանը, ֆերմերների ռեգիստրացիոն համակարգի ներդրմանը, ոռոգման արդիական համակարգերի կիրառմանն առնչվող և մի շարք այլ հարցեր։
Այցի ընթացքում հայկական պատվիրակությունն այցելել է նաև Վրաստանի Գինու ազգային գործակալություն, որտեղ քննարկվել են խաղողագործության և գինեգործության ոլորտներին վերաբերող մի շարք հարցեր։
Գյուղատնտեսության ոլորտում փորձի փոխանակման նպատակով առաջիկայում նախատեսվում է վրացական պատվիրակության այցը Հայաստան։