AM
8 April 2021 - 10:16 AMT

Գործատուն կկարողանա աշխատակցին խրախուսել՝ ընկերության բաժնետոմս տալով

Կառավարությունը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների նախագծին, որով առաջարկվում է թույլատրել տարբեր դասերի հասարակ բաժնետոմսերի թողարկումը։

Փոփոխություններ են նախատեսվում նաև աշխատակիցների բաժնետիրացման մասով․ հնարավորություն է տրվելու, որ գործատուն իր աշխատակցին կարողանա արտոնյալ պայմաններով բաժնետոմս տալ՝ կանխելով նրա հեռանալը։

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշել է, որ «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի մի շարք կարգավորումներ ներկայումս համահունչ չեն գործարար աշխարհում զարգացումներն, որոնք իրենց ազդեցությունն են ունենում կորպորատիվ իրավունքի զարգացման վրա:

«Ներկայումս ունենք երկու տեսակի բաժնետոմս՝ հասարակ և արտոնյալ: Արտոնյալի հիմնական էությունն այն է, որ սովորաբար չեն ունենում քվեարկելու իրավունք, փոխարենն ավելի լայն հնարավորություններ է ընձեռում շահաբաժին ստանալու կամ ընկերության լուծարման շրջանում ավելի առաջնային դիրքում է իրենց պահանջների բավարարումը: Այժմ թույլ ենք տալիս, որ հասարակ բաժնետոմսերը նույնպես ունենան դասեր և այս առումով ապահովում ենք ճկունություն: Դա այն է, որ որոշակի դասի սովորական բաժնետոմսը կարող է ավելի շատ քվեարկելու հնարավորություն ընձեռել, իսկ մեկ այլ դասի բաժնետոմսն ավելի քիչ մասնակցի ընկերության կառավարմանը, բայց ավելի լայն հնարավորություն ունենա»,- ասել է Բադասյանը: