Վերջին ժամանակներս Կրասնոդարի երկրամասում «դիտվում է զգալի էթնիկ-սոցիալական շեղվածք, որը բնորոշվում է բնիկների եւ գաղթականների թվի աճող անհամամասնությամբ, ինչն էլ պայմաններ է ստեղծում ազգամիջյան լարվածության համար երկրամասի բնակչության շրջանում»: Այդ մասին ասվում է նախօրեին ՌԴ Դաշնության խորհրդի ընդունած «Կրասնոդարի երկրամասում միգրացիայի եւ ազգամիջյան հարաբերությունների ոլորտում ստեղծված իրավիճակի մասին» որոշման մեջ: Փաստաթղթում նշվում է, որ Կրասնոդարի երկրամասում եւ Ռուսաստանի այլ տարածաշրջաններում ազգամիջյան հարաբերությունների ոլորտում ստեղծվող իրավիճակը «սպառնալիք է ստեղծում երկրի ազգային անվտանգության համար»: Որոշման մեջ ՌԴ կառավարությանը հանձնարարվում է մշակել եւ Պետդումային ներկայացնել ՌԴ սուբյեկտների տարածքներում գաղթականների բնակությունը սահմանափակող օրենքի նախագիծ: Ռուսաստանի խորհրդարանականները առաջարկում են կառավարությանը ուսումնասիրել «դիմակայության իրավիճակներ ստեղծված շրջաններից ՌԴ քաղաքացիություն չունեցող անձանց ժամանակավորապես արտաբնակեցնելու հնարավորությունը»: Բացի այդ, Դաշնության խորհուրդն անհրաժեշտ է համարում «ՌԴ տարածքում ժամանակավորապես բնակվող, մեսխեթցի թուրքերին անհապաղ Վրաստան հայրենադարձնելու համար պայմանների ապահովումը»: