Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողները 2021-ի առաջին եռամսյակում պետբյուջե ընդհանուր առմամբ վճարել են 260․1 մլրդ դրամից ավելի, հայտնում են Պետական եկամուտների կոմիտեից:
Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է մոտ 218 մլրդ դրամ, իսկ մաքսային՝ 42․2 մլրդ դրամ:
1000 խոշոր հարկատուի ցանկը գլխավորում է «Գազպրոմ Արմենիան» (18.7 մլրդ դրամ), երկրորդը պաշտպանության նախարարության աշխատակազմն է (15 մլրդ դրամ), երրորդը՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (9.8 մլրդ դրամ)։
Ըստ Կառավարության համապատասխան որոշման՝ վճարված հարկերի մեծության համար հիմք է ընդունվում հարկատեսակի գծով հարկ վճարողների կողմից հարկային տարվա սկզբից միասնական հաշվից վճարված (մարված) մեծությունը՝ հաշվի առնելով (նվազեցնելով) միասնական հաշվին վերադարձված գումարները և (կամ) մաքսային մարմնի կողմից հավաքագրված գումարների մեծությունը: Նախկինում պետական բյուջեի եկամուտներ էին համարվում առանձին հարկատեսակների գծով գործող հաշվեհամարներին կատարված հարկային վճարումները և մուտքագրված գումարները: