«Ազգային տարադրամի արժեզրկումը լիբերալացման գինն է»,- հինգշաբթի օրը հայտնել է Կենտրոնական բանկի նախկին նախագահ, Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Բագրատ Ասատրյանը:
Նրա խոսքով, $1 համար 305 դրամի մակարդակով դրամի փոխարժեքի զսպման համար շատ գումար է ծախսվել, եւ դրա հաշվին շահեցին շատ ներկրողներ: Ինչպես ասել է Ասատրյանը, «պաշտոնական տվյալներով 11,605 մլրդ դրամից մինչեւ հունվարի վերջ մնացել է ընդամենը 400 մլն դրամ»:
Ասատրյանի կանխատեսման համաձայն, 2009թ. ծանր է լինելու. կոմունալ ծառայությունների գների բարձրացումը, ներդրումների կրճատումը, գործազրկությունը` այդ ամենը ծանր իրադրություն է ստեղծելու Հայաստանում: Եթե չլինեն համակարգային փոփոխություններ, ապա 2010թ. գարնանը շատ ծանր կերպով զգացվելու են ճգնաժամի հետեւանքները, ավելացրել է նա: