Ֆինանսական համակարգի հաշտարարը «Ֆինանսական համակարգի հաշտարարի մասին» ՀՀ օրենքի համաձայն, իր մասնագիտական գործունեությունը սկսել է 2009 թ. հունվարի 24-ից: Ստորեւ ամփոփված է Հաշտարարի կողմից ձեւավորած 2009 թ. փետրվար ամսվա նախնական ամփոփումը:
Հաշտարարի գրասենյակը փետրվար ամսին ստացել է ընդհանուր քանակությամբ տասնութ բողոք: Ստացված բողոքներից տասը՝ համաձայն օրենքի, ենթակա չէին քննության Հաշտարարի կողմից: Չորսի քննությունը Հաշտարարի լիազորությունների շրջանակում էին, սակայն հաճախորդները նախապես սահմանված կարգով իրենց բողոք-պահանջները չէին ներկայացրել ֆինանսական կազմակերպությանը: Մնացած չորս բողոքները ներկայացվել են գրավոր տեսքով, համապատասխանում են օրենքով սահմանված պահանջներին եւ, հետեւաբար, ընդունվել են քննության Հաշտարարի կողմից:
Քննության ընդունված չորս բողոքներից երկուսը կապված էին պլաստիկ քարտով կատարված գործարքների արդյունքում հաճախորդների հաշվից ավել գանձումների հետ, մեկ բողոքը` բանկի կողմից նախապես հայտարարված ավանդատեսակի պայմանները խախտելու, իսկ վերջին բողոքը` ապահովագրական ընկերության կողմից վնասը հատուցելուց հրաժարվելու հետ:
Նշված պահանջները ներկայումս քննվում են Հաշտարարի կողմից` օրենքով սահմանաված կարգով եւ ժամկետներում: Իսկ մյուս` Հաշտարարի կողմից քննության ենթակա բողոք-պահանջների հետագա ընթացքը ներկայումս վերահսկվում է Հաշտարարի գրասենյակի կողմից: