AM
11 May 2021 - 15:01 AMT

ԱԳՆ-ն խորապես մտահոգված է Երուսաղեմում շարունակվող բախումներով

ՀՀ ԱԳՆ-ն խորը մտահոգություն է հայտնել Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ և զսպվածության կոչ արել:

«Խորապես մտահոգված ենք Երուսաղեմում շարունակվող բախումների կապակցությամբ։ Կոչ ենք անում ներգրավված բոլոր կողմերին զսպվածություն ցուցաբերել` նվազեցնելու լարվածությունը և կանխելու քաղաքացիական անձանց շրջանում հետագա զոհերը»,-ասված է հայտարարության մեջ:

Մայիսի լույս 11-ի գիշերը մոտ 200 հրթիռ է արձակվել Գազայի հատվածից Իսրայելի ուղղությամբ։Ի պատասխան իսրայելցի զինվորականները հարվածներ են հասցրել Գազայի հատվածի մոտ 130 թիրախի։

Հրթիռակոծումներն իրականացվում են Արևելյան Երուսաղեմում լարվածության աճին զուգահեռ, որտեղ բախումներ են ընթանում իսրայելցի ոստիկանների և պաղեստինցիների միջև։ Մայիսի 7-ին Տաճարի լեռան վրա և Շեյխ Ջարրահ թաղամասում, ըստ Իսրայելի դատարանի որոշման, իրականացվում էր պաղեստինցի արաբների մի քանի ընտանիքի արտաբնակեցում։ Այդ կապակցությամբ բախումներ և բողոքներ սկսվեցին։