Միջազգային իրավունքին Հայաստանի Սահմանադրության անհամապատասխանության հարցը չի քննարկվի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի (ԵԽԽՎ) մոնիտորինգի հանձնաժողովում: Այդ մասին «Արկա» գործակալությանն է հայտնել Հայաստանի խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ, ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, հերքելով թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրություններն այն մասին, թե տվյալ հարցի քննարկումը, հնարավոր է, որ տեղի ունենա սեպտեմբերին կայանալիք ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի նիստում: Հովհաննիսյանը հաղորդել է, որ ԵԽԽՎ Բյուրոն հավանություն է տվել «Միջազգային իրավունքի սկզբունքներին Եվրոպայի Խորհրդի երկրների օրենսդրության համապատասխանության մասին» փաստաթղթին եւ ներկայացրել է այն ի գիտություն մոնիտորինգի հանձնաժողովին: Հիշեցնենք, որ ադրբեջանական կողմի ներկայացված փաստաթղթում ասվում է, որ Հայաստանի Սահմանադրությունը չի համապատասխանում միջազգային իրավունքին եւ որ ԵԽ անդամները պարտավոր են ճանաչել միմյանց տարածքային ամբողջականությունը: