Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում հայտարարել է, որ աշխատատեղերի թվաքանակի բարձր ցուցանիշ է գրանցվել։ Նա հուսով է, որ սեպտեմբերին աճն ավելի մեծ կլինի։
ՊԵԿ նախագահ Էդարդ Հովհաննիսյանի խոսքով, ընթացիկ տարվա մայիսին հայտարարագրված 0-ից բարձր եկամուտ ունեցող աշխատատեղերի թիվը եղել է 635,000, ինչն աննախադեպ ցուցանիշ է: Նա հավելել է, որ այն 2020-ի ցուցանիշից ավելի է 37,000-ով։
Աճել է նաև բոլոր հայտարարագրված աշխատատեղերի մասով վճարված եկամուտի չափը՝ կազմելով 134․7 մլրդ դրամ:
Վարչապետի պաշտոնակատարը հայտնել է նաև, որ աշխատավարձերի ֆոնդը 2018-ի մայիսի համեմատ աճել է 38 մլրդ դրամով, կամ 39 տոկոսով: «Մեկ մարդու միջին աշխատավարձն աճել է 35,714 դրամով կամ 20,2 տոկոսով»,- ասել է նա:
«Իհարկե, միշտ այդ հարցն է առաջանում, թե որքանով են այդ թվերն ապահովվում ստվերից դուրս եկած աշխատատեղերի շնորհիվ, որքանով` նոր աշխատատեղերի։ Բայց, այնուամենայնիվ, եկանք այն եզրակացության, որ հիմա շինարարության ոլորտում աճ կա և համապատսախանաբար նաև աշխատատեղերի աճ։ Մյուս ամենախոշոր սեգմենտը, որտեղ աշխատատեղերի աճ ունենք, հանրային սննդի ոլորտն է»,- ասել Փաշինյանը։
ՊԵԿ-ն ավելի վաղ հայտնել էր, որ 2021-ի մայիսին, նախորդ տարիների նույն ամսվա համեմատ, աճել է մեկ աշխատատեղին բաժին ընկնող եկամուտը (հարկման բազան)՝ կազմելով մոտ 212,000 դրամ: