Գործարար Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» ՍՊԸ-ն կառավարությունից 106 մլն դրամի մաքսային արտոնություն կստանա։ Այս հարցն ընդգրկված է կառավարության չզեկուցվող հարցերի շարքում։
Ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են զուգագուլպաների արտադրության համար։ Ժամանակակից սարաքվորումներով հագեցած արտադրամասում 80 նոր աշխատատեղ կստեղծվի՝ 167,000 դրամ միջին աշխատավարձով։
Արտադրանքի բարձր որակն ապահովելու համար սարքավորումները ներմուծվելու են Իտալիայից, Թուրքիայից, ՌԴ-ից, իսկ մանվածքները և մնացած հումքը ձեռք են բերվելու Իտալիայից, Լեհաստանից, Էստոնիայից, Չինաստանից և Կորեայից։
Ծրագրի շրջանակում նախատեսվում է իրականացնել 2․1 մլրդ դրամի ներդրում` հումք և նյութերի, ինչպես նաև հավելյալ 1․2 մլրդ դրամ` նոր սարքավորումների ձեռքբերման համար:
Ըստ նախնական տվյալների՝ մինչև 2024-ը նախատեսվում է արտադրել մոտ 4 մլրդ դրամի արտադրանք, որից 20%-ը նախատեսվում է իրացնել ՀՀ տարածքում, 80%-ը՝ արտահանել միջազգային շուկա, որից 50%-ը՝ Ռուսաստան, իսկ 30%-ը՝ ԵՄ երկրներ: