Հուլիսի 24-ի դրությամբ Տոկիոյի Օլիմպիադայում կորոնավիրուսով վարակի ևս 17 դեպք է հայտնաբերվել Խաղերի կազմակերպման հետ կապված մարդկանց կամ դրանց մասնակիցների շրջանում։ Այդպիսով՝ հուլիսի 1-ից այդպիսի մարդկանց ընդհանուր թիվը կազմում է 123։
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ մրցումների մասնակցությունից ստիպված կլինեն հրաժարվել նիդերլանդացի սքեթբորդիստներն ու սեղանի թենիսի Չեխիայի թիմի մասնակիցը։ Կորոնավիրուսով վարակի առաջին դեպքի մասին է հայտնել նաև գերմանական հավաքականը՝ վարակն ախտորոշվել է հեծանվորդ Զիմոն Գեշկեի մոտ, գրում է Deutsche Welle-ն։
Կորոնավիրուսի նոր դեպքեր են հայտնաբերվում նաև Օլիմպիական ավանում՝ չնայած նախազգուշական կոշտ միջոցներին։
Տոկիոյի Օլիմպիադան անցնում է առանց հանդիսատեսի։
Կորոնավիրուսով պայմանավորված որոշվել է հրաժարվել ֆան-գոտիներից, մեծ էկրաններով դիտումներից և այլ միջոցառումներից։
2020-ին Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը հետաձգվել են: Դրանք կմեկնարկեն 2021-ի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: