Իրանի «Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնում տեղի ունեցավ ականավոր գիտնական, աստղագետ Վիկտոր Համբարձումյանի կիսանդրիի բացման արարողությունը: Իրանի արտգործնախարարության եւ Թեհրանում ՀՀ դեսպանության համագործակցության շնորհիվ Հայաստանում քանդակված եւ Իրան տեղափոխված հայազգի անվանի աստղագետի պղնձաձույլ կիսանդրին առաջինն էր այն նախաձեռնության, որով նախատեսված է անմահացնել երեսուն այլ երկրների համաշխարհային համբավ ունեցող գիտնականների հիշատակը:
Միջոցառմանը ներկա ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Կարեն Նազարյանը, իր խոսքում ներկայացրել է համաշխարհային աստղագիտության բնագավառում ակադեմիկոս Համբարձումյանի ներդրմանը, անդրադարձել գիտնականի 100-ամյա հոբելյանին, նշել, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 2009թ. հռչակվել է աստղագիտության տարի: Դեսպանը հպարտության եւ երախտիքի խոսքեր է ուղղել ներկաներին` կիսանդրիի բացման արարողության կապակցությամբ:
«Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնի տնօրեն Սաֆարնիան պատմեց տեխնոլոգիական կենտրոնի գործունեության մասին, գնահատանքի խոսքեր ուղղեց միջոցառման ներկաներին` հանդիսությանը մասնակցելու համար:
Վիկտոր Համբարձումյանը ծնվել է 1908թ. սեպտեմբերի 5 (18) Թիֆլիսում, վախճանվել է 1996թ. օգոստսի 12-ին Բյուրականում: Համբարձումյանը տեսական աստղագիտության հիմնադիրներից մեկն է, նա աշխատել է աստղերի եւ միգամածությունների, աստղագիտության եւ աստղային համակարգերի դինամիկայի, աստղերի եւ գալակտիկաների կոսմոգոնիայի ոլորտներում: Համբարձումյանը Ստալինյան մրցանակի կրկնակի դափնեկիր է (1946,1950), ՌԴ Պետական մրցանակի դափնեկիր (1995): Սոցիալիստական Աշխատանքի կրկնակի հերոս (1968, 1978թթ.), Հայաստանի Ազգային հերոս, Համբարձումյանը նաեւ Բյուրականի աստղադիտարանի հիմնադիրն է:
«Փարդիս» տեխնոլոգիական կենտրոնը հիմնադրվել է 2001 թվականին: Կենտրոնը զբաղեցնում է 20 հեկտար, նրա տարեկան բյուջեն շուրջ 80 մլն դոլար է: