AM
19 March 2009 - 10:14 AMT

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի տնօրինությունը քննադատել է ՀՀ տրանսպորտի նախարարին

«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի հասցեին Գուրգեն Սարգսյանի հայտարարությունները կարող են վնասել երկու բարեկամ պետությունների` Հայաստանի ու Ռուսաստանի մակարդակով իրականացվող լայնածավալ ծրագրի հեղինակությանը: Այդ մասին ասվում է Հայաստանի տրանսպորտի ու կապի նախարարին ուղղված Շեւկետ Շայդուլլինի բաց նամակում: Ինչպես ասվում է «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ի մամլո ծառայության հաղորդագրության մեջ, նամակում ասվում է, որ նշված ՓԲԸ-ի տնօրենը հերքում է որոշ ԶԼՄ-ների մարտի 17-ին հրապարակած այն տեղեկությունները, թե 2008թ. ընկերության ներդրումային ծրագիրը կատարվել է նախատեսված ծավալի ընդամենը 28 տոկոսի չափով, ինչպես նաեւ որ ընկերության ղեկավարությունը չի կատարել Կոնցեսիոն պայմանագրի որոշ կետերը: «Այդ կապակցությամբ հայտնում եմ Ձեզ, որ ՀԿԵ ներդրումների ծավալը 2008թ. կազմել է 2.5 միլիարդ ռուբլի (դրամական միջոցների շարժով), որոնցից իրացվել էր մոտ 1 միլիարդ ռուբլի (հիմանական ֆոնդերի մուտքագրմամբ): Իսկ միջոցների մնացած մասը անցնում է 2009թ. ներդրումային ծրագրի մեջ: Կոնցեսիոն պայմանագրի կատարման շրջանակներում մուտքագրվել են 612 միլիոն ռուբլի գումարի չափով հիմնական ֆոնդեր, ինչը կազմում է 2008թ. Կոնցեսիոների պարտավորությունների 61%»,-ասվում է նամակում:
Ըստ նամակի հեղինակի, ընթացիկ տարվա սկզբին «ՀԿԵե» ՓԲԸ եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության կողմից ստեղծվել էր Կոնցեսիոն պայմանագրի կատարման մոնիտորինգի հատուկ հանձնաժողով: Մեր համագործակցության շրջանակներում արդեն իսկ անցկացվել է 3 խորհդակցություն, որոնց ընթացքում մշակվել են Հանրապետության երկաթուղային տրանսպորտի առջեւ ծառացած խնդիրների միասնական տեսակետը եւ դրանց լուծման ուղիները: Հայաստանի երկաթուղային տրանսպորտի առջեւ դրված խնդիրները այնքան բարդ են, որ պահանջում են մշտական ուշադրություն եւ զգուշավոր վերաբերմունք:
«Ինչ վերաբերում է մեր սակագնային քաղաքականությանը` ուզում եմ հայտնել Ձեզ, որ մենք ճկուն սակագնային քաղաքականության կողմնակից ենք: Ճգնաժամի պայմաններում մենք ստիպված ենք պահպանել ոչ բարձր սակագներ տնտեսական պահուստի բացակայության հետ հանդերձ` փոխադրումների ծավալները պահպանելու, եկամտային մուտքերը եւ անձնակազմի բեռնվածությունն ապահովելու համար: Մեր նպատակը Հայաստանում գործարարությանն աջակցելն է: Ընդ որում հարկավոր է հատուկ ընդգծել, որ ընկերության կողմից սահմանված սակագները չեն ծածկում ընթացիկ շահագործման ծախսերը: «ՀԿԵե» ՓԲ ընկերության հասցեին Ձեր կողմից կատարված հայտարարությունները կարող են վարկաբեկել երկու բարեկամ երկների` Հայաստանի եւ Ռուսաստանի մակարդակով իրականացվող զանգվածային նախագծի հեղինակությունը»,-ասվում է նամակում:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն ստեղծվել է 2008 թվականին Հայաստանի Հանրապետության եւ «ՌԵՈՒ» ԲԲԸ-ի միջեւ կնքված պայմանագիրն իրականացնելու նպատակով եւ գործում է հունիսից, համարելով իրեն համազգային ընկերություն, որի հիմնական նպատակը ՀՀ տնտեսության զարգացումն է: