AM
19 March 2009 - 15:07 AMT

Առաջին անգամ Հայաստանում անցկացվում է հեքիաթների փառատոն

Հեքիաթներն իրենց հետքն են թողնում յուրաքանչյուր մարդու հոգեբանության վրա, ինչն ապացուցել են հոգեբանության հայրեր Ֆրեյդը եւ Բեկենհայմը, հայտնել են Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանում բացված հեքիաթների արդի մեկնաբանություններին նվիրված «Հնօրյա զրույցներ եւ հրաշապատում» երկօրյա համաժողովի մասնակիցները:

Գրական հեքիաթի հայրենիքը Ֆրանսիան է, հենց այստեղ է առաջին անգամ թարգմանվել «Շահերիզադեի 1000 ու մեկ գիշերը», հայկական հեքիաթն իր հերթին առաջին անգամ Եվրոպա է մուտք գործել Ֆրեդերիկ Մակլերի շնորհիվ, որը 1910թ. ֆրանսերեն թարգմանեց մի քանի հայկական հեքիաթ:

Գրեթե 100 տարի անց հենց ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը աջակցեց Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հեքիաթների փառատոնի անցկացմանը: Փառատոնի շրջանակներում Ռուս-հայկական (Սլավոնական) համալսարանի եւ գլխավոր հայ հեքիաթասաց Հովհաննես Թումանյանի թանգարանի հետ համատեղ կազմակերպվել է «Հնօրյա զրույցներ եւ հրաշապատում» համաժողովը` նվիրված Հայաստանում հեքիաթի առաջին փառատոնին:

Երկօրյա համաժողովին գրականագետները, էթնոգրաֆները եւ զանազան բուհերի դասախոսները վերլուծելու են տարբեր երկրների հեքիաթները, նրանց զարգացման փուլերը, բարոյական, կենսական արժեքների արտացոլումը հեքիաթներում:

Բացի համաժողովից, Երեւանում Հեքիաթների փառատոնից բացի տեղի կունենան մանկական ներկայացուցմներ, Թումանյանի տուն-թանգարանում եւ Խնկո-Ապոր մանկական գրադարանում կկազմակերպվեն ֆրանսիական, բելգիական եւ հայ հեքիաթասացների ստեղծագործությունների ընթերցումներ, ինչպես նաեւ շվեյցարական գրող Ստեֆանի Կորինա Բիյին (1912-1979թթ.) նվիրված երեկո շվեյցարական կոմիկ դերասանուհի Վալերի Բերտոլոտտոյի մասնակցությամբ: