ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը մարտի 18-ին ընդունեց Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության JICA Կենտրոնական Ասիայի եւ Կովկասի բաժնի պետ Կենիչի Յամատոտոյին: Նախարար Գ.Սարգսյանը, կարեւորելով գործակալության հետ սերտ համագործակցությունը, նշեց, որ այն կնպաստի Հայաստանի տնտեսության զարգացմանը, մասնավորապես, խոսքը գնում է գյուղական ճանապարհների վերանորոգմանը: Գ.Սարգսյանը, անդրադառնալով գործակալության կողմից Հայաստանի գյուղական ճանապարհների վերանորոգմանն ուղղված նոր վարկային ծրագրի կազմման գործընթացին, տեղեկացրեց, որ այն արդեն վերջնական փուլում է, եւ առաջիկայում փաստաթղթերը վերջնական տեսքի կբերվեն:
JICA-ի ներկայացուցիչը, մանրամասն ներկայացնելովգյուղական ճանապարհների վերանորոգման վարկային ծրագիրը, նշեց, որ այն կկազմի մոտ 50-100 մլն ԱՄՆ դոլար եւ կտրամադրվի արտոնյալ պայմաններով: Ըստ նրա, մայիսի սկզբին նախատեսվում է JICA-ի առաքելության այցը Հայաստան, որի ընթացքում մանրամասն կքննարկվեն վարկային համաձայնագրի պայմանները, ֆինանսավորման կոնկրետ չափը եւ ժամանակահատվածը: Կ.Յամատոտոն հավաստիացրեց, որ երկկողմ բանակցությունների հաջող ընթացքի դեպքում վարկային համաձայնագիրը Հայաստանի հետ մինչեւ տարեվերջ կստորագրվի:
Հանդիպման ընթացքում երկու կողմերն անդրադարձան նաեւ ճանապարհների պահպանության խնդրին, որի լուծման համար հնարավոր է նաեւ JICA-ի ֆինանսական եւ տեխնիկական աջակցությունը, հաղորդում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության մամլո ծառայությունը: