AM
19 March 2009 - 16:33 AMT

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարը ընդունեց բջջային կապի ոլորտում գործունեություն իրականացնող ընկերությունների տնօրեններին

ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը նախօրեին ընդունեց ՀՀ-ում բջջային կապի ոլորտում գործունեություն իրականացնող երեք ընկերությունների` «ԱրմենՏել», «ՎիվաՍել-ՄՏՍ» եւ «ՖՏԱ Տելեկոմ» տնօրեններին: Այդ մասին ասվում է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարության պաշտոնական կայքում:

Ընկերությունների 2009 թ. ծրագրերին եւ խնդիրներին ծանոթանալու նպատակով նախարարությունում կայացած հանդիպման ժամանակ Գ.Սարգսյանը նշեց, որ գերատեսչությունը պատրաստ է աջակցել օպերատորներին` առաջացած խնդիրների լուծման, ինչպես նաեւ օրենսդրական դաշտում անհրաժեշտ փոփոխությունների կատարման հարցում : Նախարարը միաժամանակ փաստեց, որ Հայաստանը, լինելով փոքր երկիր, ունի կապի փոքր շուկա, ուստիեւ չի բացառվում, որ կլինեն խնդիրներ, որոնք պետք է լուծվեն համագործակցության դաշտում: Նախարարը նշեց, որ նախարարության առաջնային նպատակներից է` կապի ոլորտում ազատ մրցակցության դաշտի, ինչպես նաեւ որակյալ, մատչելի ու հասանելի կապի ապահովումը:

Բջջային կապի ոլորտում գործունեություն իրականացնող երեք ընկերությունների ղեկավարներն իրենց հերթին հույս հայտնեցին, որ ֆինանսա-տնտեսական ճգնաժամը չի ազդի իրենց կողմից նախատեսվող ծրագրերի իրականացման վրա: