AM
8 September 2021 - 11:40 AMT

Buissup Global Forum. Մոտ 200 երիտասարդ կաշխատի սեփական բիզնես նախագծերի վրա՝ հնարավորություն ստանալով ներդրումներ ներգրավել

Դիլիջանում սեպտեմբերի 7-ին մեկնարկել է Buissup Global Forum-ը, որը կտևի մինչև սեպտեմբերի 13-ը: Միջոցառումը մեկ հարթակում համախմբել է ամենատարբեր բիզնես գաղափարներ ունեցող մոտ 200 երիտասարդի: Մասնակիցները բացառիկ հնարավորություն ունեն ստանալու բիզնես կրթություն, ներկայացնելու իրենց անհատական և թիմային նախագծերը, ինչպես նաև աշխատելու դրանց զարգացման և գործընկերների ու ներդրողների հայթայթման ուղղությամբ: Մասնակիցների թվում նաև աշխարհի տարբեր կետերից ժամանած երիտասարդներ են:

«Buissup Global Forum-ը կազմակերպված է «Տաշիր» ընկերությունների խմբի ջանքերով: Մենք պետք է սթափ գիտակցենք, որ յուրաքանչյուր երիտասարդ, ով մասնակցում է այսօրվա միջոցառմանը, հանդիսանում է Հայաստանի ապագայի ամենակարևոր հենասյուններից մեկը, և մենք, որպես Հայ գործարարների ասոցիացիա, ուզում ենք մեր ուրույն դերը զբաղեցնել այդ ծրագրերի զարգացման մեջ: Ներկաներին ուզում եմ ասել՝ դուք շատ համարձակ եք, դուք շատ երիտասարդ եք, և ապագան հենց ձերն է»,- բացման իր խոսքում նշել է Հայ գործարարների ասոցիացիայի նախագահ Գոհար Ղումաշյանը:

Ֆորումի ընթացքում մասնակիցներին կփոխանցվեն գաղափարը գնահատելու և մոդելավորելու հմտություններ, գիտելիքներ կտրվեն մարքեթինգի ու վաճառքների մասին: Նրանք կծանոթանան ֆինանսների կառավարման առանձնահատկություններին, ինչը չափազանց կարևոր է սկսնակ բիզնեսի համար: Բացի այդ, ֆորումի փորձառու խոսնակները կկիսվեն ներդրողներին ճիշտ ներկայանալու համար անհրաժեշտ գիտելիքներով, ինչպես նաև բիզնեսը վերլուծելու գաղտնիքներով:

«Ցանկանում եմ շնորհավորել մեր մասնակիցներին: Նրանք անցան շատ բարդ ճանապարհ, ու հիմա գտնվում են այստեղ: Մենք անցկացրել ենք բազմաթիվ մրցույթներ, խոսել տարբեր հարթակներից, որ գտնենք ձեզ՝ լավագույն նախագծերի հեղինակներին, որոնք այսօր հավաքվել են մեկ հարթակում: Այսօր մենք ապրում ենք մեր պատմության դժվարին օրերից մեկը, ու կարևոր է անել հնարավորը՝ հասնելու մեկ նպատակի՝ դարձնելու մեր երկիրն ավելի լավը: Այս 6 օրը պետք է օգտագործենք մաքսիմալ՝ ստանալու այն գիտելիքները, որ հնարավոր է»,- իր ելույթում նշել է Հայ գործարարների ասոցիացիայի հայաստանյան գրասենյակի ղեկավար Համլետ Ասատրյանը:

Buissup Global Forum-ի մասնակիցներին սպասվում է աշխատանք ու կարծիքների փոխանակում բազմաթիվ հմուտ մենթորների հետ, որոնք նրանց ձեռնարկատիրական մտածելակերպի զարգացման խորհուդրներ կտան, կսովորեցնեն ճիշտ կառավարել հասույթի աճը և կպատմեն աճող ու հաջողակ բիզնես ստեղծելու իրենց ճանապարհի մասին:

Աշխատանքային օրերի ընթացքում մասնակիցները բիզնես քեյսեր են վերլուծելու, իսկ վերջին օրը «Առաքելություն 2030. Հայաստանի տեխնոլոգիական ապագայի և բիզնեսի զարգացման մասին» խորագրով պանելային քննարկում ունենալու Synopsys Armenia-ի տնօրեն Հովիկ Մուսայելյանի, FAST հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Օրուջյանի, Startup Armenia-ի հիմնադիր Հակոբ Հակոբյանի, The Crowdfunding Formula-ի հիմնադիր Գևորգ Պողոսյանի մասնակցությամբ:

Քննարկումից միանգամից հետո երիտասարդները մասնագիտացված ժյուրիին են ներկայացնելու այդ օրերին զարգացրած սեփական նախագծերը, որն էլ ընտրելու է դրանցից լավագույնները: Սեպտեմբերի 20-ին ընտրված նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած Armenian Business Forum 2021-ի ընթացքում ներկայացնելու իրենց ծրագրերը:

«Տաշիր» խումբը ևս իր պատրաստակամությունն է հայտնել, ու վստահ եմ՝ կլինի առաջին ներդրողներից: Արդեն որոշակի ծրագրեր ուսումնասիրել ենք, և այս 7 օրվա ընթացքում ևս ձեզ հետ միասին աշխատելու ենք: Սեպտեմբերի 13-ին, երբ կլսենք բոլոր ծրագրերը, կընտրենք լավագույնները, որոնք սեպտեմբերի 20-ին կստանան իրենք շարունակականությունը»,- նշել է «Տաշիր» ընկերությունների խորհրդի կազմում գտնվող միջազգային էներգետիկ խորհրդի նախագահ Սուրեն Կարայան:

Սեպտեմբերի 20-ին ընտրված նախագծերի հեղինակները հնարավորություն կունենան Հայ գործարարների ասոցիացիայի կազմակերպած Armenian Business Forum 2021-ի ընթացքում ներկայացնելու իրենց ծրագրերը: Dvin Music Hall-ում անցկացվող այդ միջոցառմանն ավելի քան 300 ազդեցիկ գործարար է մասնակցելու, որոնք պատրաստ են ներդրումներ անել ֆորումի մասնակիցների՝ հավանության արժանացած նախագծերում ու օգնել դրանց հետագա զարգացմանը։

Buissup Global Forum-ն իրականացվում է Հայ գործարարների ասոցիացիայի նախաձեռնությամբ և «Տաշիր» ընկերությունների խմբի աջակցությամբ։

Միջոցառման մասին թարմացումներին կարելի է հետևել ֆորումի ֆեյսբուքյան և ինստագրամյան էջերում: