ՊրոԿրեդիտ Բանկը, 2009թ. մարտի 17-ից մինչեւ ապրիլի 30ը հայտարարում է նոր ակցիա տեղական արտադրողին ուղղված դրամային վարկերի համար։ Ինչպես հաղորդում է բանկի մամլո ծառայությունը, ակցիան նպատակաուղղված է խթանելու մանր ու միջին արտադրական ձեռնարկությունները, հնարավորություն ընձեռնելու տեղական արտադրողին ձեռք բերել սարքավորումներ, համալրել շրջանառու միջոցները եւ ավելացնել արտադրության ծավալները։ Այժմ մինչեւ 15 000 000 ՀՀ դրամ արտադրության զարգացմանն ուղղված վարկերի համար գործում է նոր 18% տարեկան տոկոսադրույք։
Ըստ ՊրոԿրեդիտ Բանկի գործադիր տնօրեն Բերտոլտ Հերցֆելդի, ՊրոԿրեդիտ Բանկը ակնկալում է կայուն եւ երկարատեւ համագործակցություն իր հաճախորդների հետ՝ առաջարկելով բարձրակարգ բանկային ծառայությունների ամբողջական փաթեթ։ Նա համոզվածություն է հայտնել, որ տվյալ վարկատեսակը հատկապես այս իրավիճակում, կօգնի տեղական արտադրողին պահպանել եւ ամրապնդել շուկայական դիրքը՝ ապահովելով շարունակական զարգացում։
ՊրոԿրեդիտ Բանկը սկսել է իր գործունեությունը Հայաստանում 2008թ. փետրվարի 5ին։ Հայաստանում ՊրոԿրեդիտ Բանկի հիմնադիրներն են հանդիսանում այնպիսի միջազգային հեղինակավոր կազմակերպություններ, ինչպիսիք են՝
ՊրոԿրեդիտ Հոլդինգե ԲԸ (ProCredit Holding AG) – 67.49% բաժնեմասով
Զարգացման Բանկ (KfW) 15.84% բաժնեմասով
Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկ (EBRD) 16.67% բաժնեմասով։
Այն հանդիսանում է Հայաստանում բանկային եւ ֆինանսական ծառայությունների ամբողջական փաթեթ տրամադրող, 100% արտերկրյա կապիտալով բանկ, որի գործունեությունը ուղղված է փոքր եւ միջին ձեռնարկատիրությունների վարկավորմանը։ ՊրոԿրեդիտ Բանկի գործունեության մեկ այլ կարեւոր ուղղություն է՝ նպաստել խնայողության մշակույթի ձեւավորմանը հասարակության մեջ՝ սկսելով նույնիսկ փոքր գումարներից։ Հայաստանի ՊրոԿրեդիտ Բանկը հանդիսանում է ՊրոԿրեդիտ խմբի անդամ, որը բաղկացած է Արեւելյան Եվրոպայում, Աֆրիկայում եւ Լատինական Ամերիկայում գործող 22 ֆինանսական կառույցներից, որոնց գործունեությունը ղեկավարվում եւ վերահսկվում է խմբի մայր ընկերության` Ֆրանկֆուրտում (Գերմանիա) գտնվող, ՊրոԿրեդիտ Հոլդինգ ԲԸ (ProCredit Holding AG) կողմից: