ՀՀ երկրորդ նախագահ,«Հայաստան» դաշինքի ղեկավարՌոբերտ Քոչարյանը, անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ կառավարության գործարքին, ասել է, որ դա «Հայաստանի պատմության մեջ, թերևս, ամենամութ գործարքն է»։
«Սա ուղղակի փայ մտնել է Հայաստանի ամենախոշոր, ամենից գրավիչ ակտիվի կառավարման մեջ։ Սա կոռուպցիայի առումով բարձրագույն պիլոտաժ է»,– ասել է նա։
Քոչարյանը տարակուսելի է համարել, որ կոմբինատի բաժնետոմսերը նվիրաբերվել են վարչապետի աշխատակազմին, որը չունի համապատասխան մասնագիտական կարողություններ։ Նա ասել է, որ նման բաժնետոմսերը պետք է փոխանցվեին ֆինանսների կամ էկոնոմիկայի նախարարությանը։
Քոչարյանը հիշեցրել է, որ տարիներ շարունակ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը կապել է իր անվան հետ։
«Դա այն կոմբինատն է, որն անընդհատ ինձ հետ էին կապում, որի հետ երբևիցե որևէ կապ չեմ ունեցել։ Հիմա ո՞վ է փայ մտնում; Սա երևի Հայաստանի պատմության մեջ ամենամութ գործարքն է` անհասկանալի տրամաբանությամբ»,– ասել է Քոչարյանը։
ՀՀ-ն՝ ի դեմս ՀՀ կառավարության, պատրաստակամություն է հայտնել ի սեփականություն ընդունել 412,250.75 հասարակ (սովորական) բաժնետոմս և դրանց կառավարման լիազորությունը վերապահել վարչապետի աշխատակազմին:
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետոմսերի 25%-ը ՀՀ կառավարությանը նվիրաբերած «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը պատկանում է «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը, որը սեպտեմբերի 30-ին ձեռք է բերել ԶՊՄԿ-ի 60%-ը։ՀՀ կառավարությանը նվիրաբերված 25%-ը կազմում է ԶՊՄԿ ընդհանուր կապիտալի 15%-ը, որն էլ հետևապես անցել է ՀՀ սեփականությանը։