Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարն ասուլիսում հայտարարել է, որ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ քննարկել են հետաքրքրությունը, որը դրսևորել է Հայաստանը Չաբահար նավահանգստի օգտագործմանն Իրանում։
«Առաջարկեցինք, որպեսզի Չաբահար նավահանգիստն օգտագործվի որպես միջազգային տրանսպորտային միջանցքի հանգույց։ Չաբահարը նավահանգիստ է Իրանում, որը զարգացնում է Հնդկաստանը։ Դա մեզ համար մի կողմից ճանապարհ է բացում դեպի Կովկաս, մյուս կողմից՝ արահետ է բացում դեպի Կենտրոնական Ասիա։ Քննարկեցինք նաև փոխադարձ չվերթների հավանականությունը», – ասել է Սուբրամանյամ Ջայշանկարը, տեղեկացնում է Aysor.am-ը:
Նա նշել է, որ մեծ հնարավորություն կա ընդլայնելու Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունները, զբոսաշրջությունը, ենթակառուցվածքները և ներդրումները։
«Ուղղակի կապակցվածության պակասը՝ թե ծովային, թե ցամաքային, խոչընդոտ է մարդկային շփումների և առևտրային փոխանակումների համար։ Թե՛ Հնդկաստանը, թե՛ Հայաստանը հանդիսանում են միջազգային տրանսպորտային միջանցքին անդամ, որը հեռանկար ունի կապակցվածության զարգացման համար», – ասել է Հնդկաստանի ԱԳ նախարարը։
Հնդկաստանը հանդիսանում է «Հյուսիս-հարավ միջազգային տրանսպորտային միջանցք» (International North-South Corridor (INSTC)) Համաձայնագրի երեք հիմնադիր երկրներից մեկը (ԻԻՀ, ՌԴ, Հնդկաստան), որի նպատակն է բարելավել և զարգացնել անդամ-պետությունների միջև իրականացվող փոխադրումները: Հայաստանը «Հյուսիս-Հարավ Միջազգային Տրանսպորտային Միջանցքի» (ՄՀՀՏՄ) վերաբերյալ միջկառավարական Համաձայնագրին միացել է 2006թ.։