Քննարկվում է նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն նշանակելու հարցը։ Այս մասին, Factor TV հաղորդմամբ, հայտարարել է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում։
Ավելի ուշ կառավարության աշխատակազմից հաղորդեցին, որ տեղի է ունեցել շփոթմունք՝ քննարկվում է Ավինյանին ԶՊՄԿ տնօրենների խորհրդի անդամ, այլ ոչ թե տնօրեն նշանակելու հարցը։
«Որովհետև նա քաղաքական թիմի անդամ է, և պետք է լինեն այնպիսի մարդիկ, որոնք Հայաստանի շահերը լավագույնս կներկայացնեն տվյալ կազմակերպությունում»,- բացատրել է Հարությունյանը հավանական նշանակման տրամաբանությունը:
ԶՊՄԿ նոր հիմնական բաժնետերն է դարձել ռուսաստանյան «Գեոպրոմայնինգը»` ձեռք բերելով բաժնետոմսերի 60 տոկոսը։ Իր փաթեթի 25 տոկոսը, այսինքն՝ բոլոր բաժնեմասերի 15%-ն ընկերությունը նվիրաբերել է կառավարությանը։ Պայմանագիրը գաղտնի է պահվում։