AM
17 November 2021 - 10:27 AMT

ԱԺ-ն ընդունել է հիփոթեքին ուղղվող եկամտահարկի վերադարձի սահմանափակումը

ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունել է Հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, ըստ որի սահմանափակվելու է հիփոթեքին ուղղվող եկամտահարկի վերադարձի ծրագիրը: Սահմանափակումը վերաբերում է Երևանին և կյանքի է կոչվելու աստիճանաբար՝ մինչև 2025 թ․:

Մինչ այս նախագիծը, անմիջապես կառուցապատողից բնակարանի ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցապատման նպատակով ստացված հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարների չափով ֆիզիկական անձինք հետ էին ստանում իրենց վճարած եկամտահարկի գումարը: Գործընթացը սկսվել է 2015-ի հունիսից և վերաբերում է 2014-ի նոյեմբերի 1-ից հետո ստացված հիփոթեքային վարկերին:

Համակարգից օգտվելու համար, երբ գույքը ձեռք է բերվում կամ նախատեսվում է կառուցել Երևանի առաջին գոտում, հիփոթեքային վարկը պետք է ստացված լինի մինչև 2022 թվականի հուլիսի 1-ը, նույն տրամաբանությամբ` երկրորդ գոտու համար՝ մինչև 2023 թվականի հունվարի 1-ը, երրորդ գոտու համար անհրաժեշտ պայման է սահմանվում, որ վարկը ստացված լինի մինչև 2023-ի հուլիսի 1-ը, այնուհետև 1.5 տարի դադար է առաջարկվում: Երևանի մնացյալ գոտիների համար նախապայման է առաջադրվում, որ հիփոթեքային վարկը ստացված լինի մինչև 2025-ի հունվարի 1-ը:

Եթե շինարարության թույլտվությունը ստացված լինի մինչև 2022-ի հունվարի 1-ը, ապա դրա շրջանակում կառուցված շենքից բնակարանների վաճառքի գործարքներն ամբողջությամբ կսպասարկվեն եկամտային հարկի վերադարձի համակարգի շրջանակում՝ առանց սահմանափակումների: Փոփոխությունները հետադարձ ազդեցություն չունեն և չեն տարածվիվ արդեն այդ ծրագրից օգտվողների վրա։

Ընդդիմությունը բոյկոտում է Ազգային ժողովի աշխատանքը և ներկա չէր նիստին։