AM
25 November 2021 - 13:47 AMT

2021-ին գործադիրն Արցախին 199 մլրդ դրամ է հատկացվել

Հայաստանի կառավարությունը հերթական ֆինանսական աջակցությունն է տրամադրել Արցախին՝ 13․5 մլրդ դրամ, իսկ տարեսկզբից, նոր հատկացումը ներառյալ, փոխանցվել է 199 մլրդ դրամ։

Կառավարությունն ընդունել է Արցախի բնակչության 2021թ. դեկտեմբեր ամսվա Էլեկտրաէներգիայի, գազամատակարարման և կապի ծառայությունների ծախսերի, ինչպես նաև Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեով նախատեսված դեկտեմբեր ամսվա աշխատավարձերի, նպաստների, կենսաթոշակների, առողջապահության, սոցիալական և կրթության ծրագրեր ծախսերի ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելու վերաբերյալ որոշում: Գումարը կազմում է 13 մլրդ 533 մլն դրամ:

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը նշել է, որ սա այս տարվա վերջին հատկացումն է:

«Մենք տարեսկզբից կատարված միայն լրացուցիչ հատկացումների գծով ունեցել ենք տարբեր միջոցառումների մասով 120 մլրդ 400 մլն դրամի չափով գումար, տարբեր ծրագրերով և ամենամսյա նման եղանակով կայացվող որոշումների հիման վրա հանրագումարով՝ 134 մլրդ դրամ: Եվ եթե հաշվի առնենք նաև, որ 2021 թ. պետբյուջեով ի սկզբանե հաստատված էր 64․ 9 մլրդ դրամի հատկացում, որն ամբողջությամբ կատարված էր արդեն իսկ մինչև հունիս ամիսը ներառյալ, ապա 2021 թվականին, այս հատկացումը ներառյալ, գումարի չափը կկազմի 199 մլրդ դրամ, որոնք գործնականում ունեն այս որոշմանը բնորոշ ծախսման նույն ուղղություններն ու նպատակները»,-ասել է նախարարը: