Տնտեսական գործունեության դեմ հանցագործություններից հասարակության համար առանձնահատուկ վտանգ են ներկայացնում թղթադրամի եւ մետաղադրամի, արժեթղթերի կեղծման, պահման եւ իրացման հանցագործությունները, քանի որ դրանք խախտում են տնտեսական հիմքերը: Այդ մասին ուրբաթ օրը լրագրողներին է ասել Հայաստանի Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Հունան Պողոսյանը կաշառակերության եւ տնտեսական հանցագործությունների դեմ պայքարին նվիրված մամլո ասուլիսին:
«Նրանց թիվը մեծ չէ, ընդհանուր առմամբ 999 300 դրամ, որոնցից 315 000 մետաղադրամներ են»,- ասել է նա: Բայց, նրա կարծիքով, նման հանցագործությունների աճը` 80 դեպք 2008թ. ի համեմատ 57-ի 2007թ., անհանգստություն է առաջացնում: Հունան Պողոսյանը հաղորդել է, որ հիմնականում կեղծում են 1000 եւ 5000 դրամի թղթադրամները, ինչպես նաեւ 200 եւ 500 դրամի մետաղադրամները: Նա ավելացրել է, որ անհանգստություն է առաջացնում մետաղադրամի կեղծումը, քանի որ դրա համար հարկավոր են լուրջ սարքավորումներ, մինչդեռ թղթադրամի կեղծման համար օգտագործվում են պատճենահանման սարքերը: Այդ կեղծ մետաղադրամների ծագման երկիրը նա դժվարացավ ասել, քանի որ չի հաջողվել բացահայտել առաջին աղբյուրը:
Ինչպես տեղեկացրել է ԿՀՊԳՎ պետը, ստեղծված իրադրության հղկման համար ԿՀՊԳՎ կողմից ձեռնարկվել են նման հանցագործությունների բացահայտումը բարձրացնելու միջոցներ, մասնավորապես` Ոստիկանության պետի հրամանով ստեղծվել եւ մշակվել, իսկ 2008թ. դեկտեմբերից ուժի մեջ է մտել դրամի կեղծողների դեմ պայքարի համակարգված ծրագիրը: Նրա խոսքով, ծրագիրն ուղղված է դրամի կեղծման դեմ պայքարի ուժեղացմանը, ոստիկանության եւ մյուս շահագրգռված կառույցների համագործակցության ակտիվացմանը: Հունան Պողոսյանը ենթադրել է, որ նախաձեռնվող գործողությունները թույլ կտան 2009թ. բարելավել դրամի կեղծման դեմ պայքարը եւ զգալի դրական տեղաշարժ արձանագրել այդ տնտեսական հանցագործությունների բացահայտման գործում: