AM
27 March 2009 - 13:42 AMT

ՍՏՀԿ անդամ երկրների տրանսպորտի նախարարները հանդիպել են Երեւանում

Մարտի 27-ին Երեւանում կայացել է Սեւծովյան տնտեսական համագործակցության Կազմակերպության` ՍՏՀԿ անդամ երկրների տրանսպորտի նախարարների հանդիպումը: Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը, հանդես գալով ողջույնի խոսքով, նշել է, որ այդ հանդիպումը առաջինն է այն բանից հետո, երբ ուժի մեջ են մտել ՍՏՀ տարածաշրջանում ավտոմոբիլային տրանսպորտով բեռների տեղափոխման պարզեցման մասին փոխըմբռնման մասին Հուշագիրը, Սեւծովյան օղակային ավտոճանապարհի կոորդինացված զարգացման մասին փոխըմբռնման Հուշագիրը, ինչպես նաեւ Սեւծովյան տարածաշրջանի ծովային ճանապարհների զարգացման մասին Հուշագիրը:

«Այժմ, երբ երեք վերոհիշյալ հիմնական փաստաթղթերի ուժի մեջ մտնելու շուրջ աշխատանքն ավարտվել է, ժամանակն է, որպեսզի իրականացվեն կոնկրետ միջոցառումները` ուղղված մեր առջեւ դրված խնդիրների կարգավորմանը»,- ասել է Սարգսյանը:

Իր ելույթում նա ողջունել է Սեւծովյան օղակային ավտոճանապարհի համատեղ մշտական տեխնիկական քարտուղարության ստեղծումը: Ինչպես հաղորդել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարարը, քարտուղարությունն արդեն սկսել է իր գործունեությունը եւ նախապատրաստել համապատասխան հարցարան, որն ուղարկվել է մասնակից երկրներին:

Գուրգեն Սարգսյանը տեղեկացրել է, որ պատասխանների հիման վրա կկազմվեն օղակային ավտոճանապարհի քարտեզը, մինիմալ տեխնիկական պահանջները եւ մյուս հստակ բնութագրերը:

ՍՏՀԿ նախագահությունը Հայաստանին է անցել 2008թ. նոյեմբերին: Կամզակերպության մեջ մտնում են 12 երկրներ` Հայաստանը, Ռուսաստանը, Ալբանիան, Ադրբեջանը, Բուլղարիան, Հունաստանը, Վրաստանը, Մոլդավիան, Ռումինիան, Սերբիան, Թուրքիան եւ Ուկրաինան: