AM
9 December 2021 - 10:10 AMT

2022-ին Գյումրու 37 փողոցի ասֆալտապատումը կավարտվի․ Բյուջեով նախատեսված գումարը վերաբաշխվել է

2022-ին Գյումրու 37 փողոցի ասֆալտապատումը կավարտվի։ Գործադիրը հաստատել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկային և դրամաշնորհային միջոցներով իրականացվող «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագիրը»։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ասել է, որ «Գյումրու քաղաքային ճանապարհներ» ծրագրի շրջանակում շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգման, և մեքենաների և սարքավորումների ձեռքբերման նպատակով 948 մլն դրամ է անհրաժեշտ։

Այդ նպատակով ֆինանսական միջոցները նախատեսված էին 2021-ի բյուջետային հայտով, բայց չեն տրամադրվել։ Ուստի, անհրաժեշտություն է առաջացել 2021-ի բյուջեով նախատեսված գումարների վերաբաշխում կատարել, որպեսզի Գյումրու փողոցների վերակառուցման ծրագիրը չվտանգվի։

2016-ին ստորագրված մոտ 24 մլն եվրո արժողությամբ «Գյումրու քաղաքային ճանապարհների ծրագրով» նախատեսվում է Գյումրիում ունենալ անվտանգ երթևեկությամբ բարեկարգ փողոցներ և էներգախնայող արտաքին լուսավորության ցանց։ Ծրագրի ընդհանուր արժեքից 14,600,000 եվրոն վարկային միջոցներ են, մնացածը` դրամաշնորհային։