ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը կառավարությունում ճեպազրույցի ժամանակ ասել է, որ շատ անհանգստացած են գնաճի մակարդակով։
Նախարարի խոսքով՝ այս տարի ունենք իրական տնտեսական աճ, որը սպասվածից ավելի շատ է, ինչը, ըստ Քերոբյանի՝ թույլ է տալիս ենթադրել, որ մեր քաղաքացիները նույնիսկ այսքան բարձր գնաճի պարագայում ավելի լավ են ապրում, քան մեկ կամ երկու տարի առաջ, հայտնում է «Փաստինֆոն»։
Նախարարը նշել է, որ թե ներքին շուկայում, թե ԵԱՏՄ գործընկերների հետ փորձում են գործիքներ գտնել, որ կարողանան գնաճը զսպել։
«Որոշակի ապրանքատեսակների առոմով ԵԱՏՄ-ն արտոնյալ մաքսասակագնային քվոտաներ է սահմանել, ինչը հնարավորություն է տալու, որ այդ ապրանքախմբերը որոշակիորեն զուսպ գնաճ ունենան։ Մեր աշխատանքները շարունակվում են, որ հատ-հատ ապրանքային խմբերով փորձենք զսպել գնաճը՝ օգտագործելով մեր ունեցած գործիքակազմը»,- ասել է Քերոբյանը։
Նա հավելել է, որ դա կարող է լինել բեռնափոխադրումների սուբսիդավորում, ավելի աչալուրջ ուշադրություն տարատեսակ ապրանքների գնագոյացման նկատմամբ:
Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ներկայիս 9.6 տոկոս գնաճի փոխարեն տարեվերջին այն կկազմի 8.4 տոկոս։ «Ձևավորված բարձր գնաճային սպասումների մեղմման և գնաճի թիրախի ապահովման նպատակով գործընկեր երկրների կենտրոնական բանկերը շարունակում են խստացնել դրամավարկային պայմանները։ Այս պարագայում արտաքին հատվածից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցության ավելացում»,-նշել է Գալստյանը: