Հայաստանի համար ռուսական գազի գինը 2022-ին անփոփոխ կմնա՝ 165 դոլար` 1000 խորանարդ մետրի դիմաց: Այդ մասին ասել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։
«Ռուսական գազի գործող գինը սահմանին 2022 թվականին անփոփոխ կմնա: Ճիշտ է, կան հարցեր, որոնց շուրջ պետք է պայմանավորվել: Առաջինը՝ Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ էներգաբլոկի հարցն է, երկրորդը՝ սակագնում գազի կալորիականության հաշվառումը: Այս հարցերի շուրջ քննարկումներ են ընթանում, սակայն գազի սակագինը սահմանվել է և երկարացվել»,- ասել է Գրիգորյանը:
Ավելի վաղ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը հայտարարել, էր, որ Հայաստանում սպառողների համար գազի սակագինը 2022-ի հունվարի 1-ից չի բարձրանա։
Վերջին անգամ, Հայաստանի համար գազի սակագինը փոխվել է 2019-ի սկզբին: Սահմանին Ռուսաստանից մատակարարվող գազի գինը բարձրացավ 10 տոկոսով՝ հասնելով 165 դոլարի, բայց Հայաստանի բնակիչների համար սակագնի փոփոխություն տեղի չունեցավ: