«Ճանապարհների շինարարության ոլորտում մենք որոշ հնարավորություններ ունենք, որոնք կմեղմացնեն Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի հետեւանքները», շաբաթ օրը կայացած մամլո ասուլիսի ժամանակ լրագրողներին հայտարարել է Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Գուրգեն Սարգսյանը: Ինչպես բազմիցս նշվել է, համաշխարհային ճգնաժամն ազդել է նաեւ Հայաստանի տնտեսության վրա, ասել է նախարարն ու ավելացրել, որ տրանսպորտը, ճանապարհների շինարարությունն ու կապը Հայաստանի տնտեսության մի մասն են, ուստի եւ, ճգնաժամն այդ ոլորտն էլ չի շրջանցի:
Սարգսյանը հաղորդել է, որ այդ ուղղությամբ պայմանավորվածություններ գոյություն ունեն նաեւ մի շարք միջազգային կազմակերպությունների հետ, որոնք ենթադրում են խոշոր ֆինանսավորում ճանապարհների շինարարության ոլորտում:«Հայաստանը ՀԲ-ի կողմից առաջին չափաբաժինը կստանա ապրիլի վերջին եւ անմիջապես կսկսվի ճանապարհների շինարարությունը», – ասել է նա: Ինչպես հաղորդել է Սարգսյանը, ֆինանսավորման շուրջ բանակցությունների գործընթացը տեւել է ընդամենը 2 ամիս, քանի որ երկրի կառավարության խնդրանքով, ՀԲ-ն ընդառաջել է եւ արագացրել պայմանագրի կնքման գործըթնացը:
Տրանսպորտի եւ կապի նախարարը տեղեկացրել է, որ 100 կմ երկարությամբ գյուղական ճանապարհների շինարարության ֆինանսավորման նպատակով նախատեսվում է 30.4 մլն դոլար հատկացնել, որոնցից 25 մլն դոլարը կտրամադրվի ՀԲ-ի կողմից: