Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, ֆինանսավարկային և տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում անդրադառնալով էկոնոմիկայի նախարարության գործունեությանը, ասել է՝ հայտնի չէ, թե փողերն ուր են գնացել։
«Կոռուպցիան պոզով-պոչով չի լինում, առերևույթ 34 միլիոն դրամի չարաշահում է եղել… Հայտնի չէ՝ փողերն ուր են գնացել»,- ասել է Խաչատրյանը՝ դիմելով Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանին, գրում է Factor.am-ը։
Հաշվեքննիչ պալատի 3-րդ վարչության պետ Հակոբ Միհրանյանը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարության 2021թ. պետբյուջեի 6 ամիսների կատարման հաշվեքննության արդյունքների վերաբերյալ եզրակացությունը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը նշել է, որ Հաշվեքննիչ պալատի ներկայացրած եզրակացության մեջ խախտումները շատ էին, իսկ զեկուցողին հատկացված ժամանակահատվածը բավարար չէր, որ ներկայացներ բոլոր խախտումները։
«Հրապարակավ հայտարարեք, որ նախարարության կազմակերպած գնման ուշացված գործընթացի պատճառով 326,087 միջոցառում չի իրականացվել։ Այդ չիրականացված միջոցառումներն անասնապահության վրա ի՞նչ ազդեցություն են ունեցել»,- հետաքրքրվել է պատգամավորը։