AM
30 December 2021 - 07:35 AMT

Քերոբյանը՝ տնտեսական երկնիշ աճի կանխատեսման մասին․ Լավատեսություն էր պետք ներշնչել

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, առցանց ասուլիսում անդրադառնալով երկնիշ տնտեսական աճի մասին իր կանխատեսումներին, դրանք մեկնաբանել է պահի թելադրանքով` նշելով, որ պատերազմից ու համավարակի ճգնաժամից հետո մարդկանց, ու, հատկապես, գործարարներին, հարկավոր էր լավատեսություն ներշնչել։

«Ես ինքս էլ կարիք ունեի մարդկանց մոտ հույս արթնացնելու, որ անպայման կհաղթահարենք ձախորդ օրերը։ Եվ այդ առումով շոկային օպտիմիզմ հաղորդելը կարող էր արդյունավետ լինել ու այդպես էլ եղավ»,– ասել է ն, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Նախարարը նշել է նաև, որ այդ հաշվարկի մեջ դժվար էր ենթադրել, որ կունենանք այսպիսի բարձր գնաճ։

«Հիշեցնեմ, որ անցած տարվա նոյեմբերի գնաճը մեզ մոտ եղել է 1 տոկոսի շրջանակներում, իսկ դեկտեմբերին` 3.8 տոկոսի։ Այն ժամանակ շատ բարդ էր հասկանալ, որ պահանջարկի վերականգնումը կառաջացնի այսպիսի ահռելի բարձր գնաճ, և դա էականորեն կրճատեց իրական աճը անվանական աճի նկատմամբ»,– ասել է Քերոբյանը։

Նա հավելել է, որ եթե լիներ նորմալ գնաճ, երկրի տնտեսությունն ավելի մոտ կլիներ երկնիշ աճին, քան այս պարագայում։ Նախարարը խոստովանել է, որ տարվա արդյունքներից գոհ չէ։

«Պետք է կարողանայինք շատ ավելի շատ անել ու առաջիկայում շատ ավելի բարձր աճ ապահովել»,– ասել է նա։

2021թ–ի ապրիլին Քերոբյանը հայտարարել էր՝ կառավարության նպատակն է տարին փակել երկնիշ տնտեսական աճով։ Նա նաև հրապարկավ խոստացել էր հրաժարական տալ, եթե Հայաստանը տարին այդպես չփակի։ 2021թ–ի պետական բյուջեով նախատեսված էր 3.2 տոկոս տնտեսական աճ` 2020թ–ի 7 տոկոսանոց անկման դիմաց, ինչը հանրագումարում մոտ 10 տոկոսանոց աճ է ենթադրում; Կենտրոնական բանկի դեկտեմբերի 14-ի դրությամբ արված կանխատեսման համաձայն` տարեկան աճը կկազմի 4.2 տոկոս։