Առաջարկվում է, որ գրավատները 80,000 դրամից ավելի վարկերը տրամադրեն բացառապես անկանխիկ։ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է կառավարության հեղինակած «Անկանխիկ գործառնությունների մասին» և կից նախագծերի փաթեթը։
ԿԲ նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը նշել է, որ առաջին ընթերցումից հետո նախագծերի փաթեթն ամբողջությամբ լրամշակվել է: Հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանն առաջարկել է, որ գրավատները 2022-ի հուլիսի 1-ից 80,000 դրամ և ավելի գումարի վարկերը քաղաքացիներին տրամադրեն բացառապես անկանխիկ եղանակով, 2023-ի հունվարի 1-ից` 50,000 դրամից ավելի, իսկ 2024-ի հունվարի 1-ից` 20,000 դրամից ավելի:
Առաջարկությունն ընդունվել է հիմնական զեկուցողի կողմից:
Լրամշակված տարբերակով 2022-ի հունվարի 1-ի փոխարեն օրենքն ուժի մեջ է մտնելու հուլիսի 1-ին և տարածվելու է ուժի մեջ մտնելուց հետո ծագած իրավահարաբերությունների վրա:
Առաջարկվում է կարգավորել երկրի տարածքում անհատ ձեռնարկատերերի և կազմակերպությունների կողմից հուլիսի 1-ից` 300,000 դրամը գերազանցող ապրանքների (գույքի) օտարման, դրանց օգտագործման, աշխատանքների կատարման և ծառայությունների մատուցման գործարքների դիմաց, աշխատավարձերի, կրթաթոշակների, կենսաթոշակների, նպաստների, փոխառությունների, ներկայացուցչական ծախuերի, գործուղման նպատակով կատարվող անկանխիկ ձևով վճարումների, ինչպես նաև անկանխիկ գործառնությունների հետ կապված այլ հարաբերություններ:
Քննարկման և քվեարկության արդյունքում օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն: