Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանում երբեք հունվարի 3-ին խցանում չի եղել, և դա համարել է տնտեսական ակտիվության ցուցիչ։
«Հունվարի 3-ին՝ ժամը 4-ին, հանդիպում ունեի, և այն մարդը, ում պետք է հանդիպեի, 10 րոպե ուշացավ։ Եկավ, ասաց՝ խցանում էր, դրա համար է ուշացել։ Հայաստանում երբեք հունվարի 3-ին խցանում չի եղել»,-նշել է նախարարը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։
Լրագրողի դիտարկմանը՝ արդյոք խցանումը տնտեսական ակտիվության ցուցի՞չ է, Քերոբյանը դրական պատասխան է տվել։
«Բոլորն էլ ասում են, որ էական տարբերություն կա։ Պետք է սպասենք թվերին, բայց շատ վստահ եմ, որ այն կանխատեսումները, որոնք տվել ենք այդ նախագծի հիմնավորման ժամանակ, դրանք գերազանցված կլինեն»,-ասել է Քերոբյանը։
Կառավարության որոշմամբ վերջին Ամանորին հանգստյան օրեր էին դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-ը, 2-ը և 6-ը։