AM
19 January 2022 - 12:34 AMT

ՊԵԿ․ Եկամտահարկի գումարի վերադարձի դիմումը բացառապես էլեկտրոնային պետք է ներկայացվի

Հունվարի 1-ից վարկառուն պետք է եկամտային հարկի գումարի վերադարձի դիմումը ներկայացնի բացառապես էլեկտրոնային եղանակով: ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության պետ Արմինե Հովսեփյանը ներկայացրել է համակարգը և օգտվելու կարգը:

Նախկինում գործում էր նաև Պետական եկամուտների սպասարկման սրահներ այցելելու տարբերակը:

Ըստ նրա, եթե նախկինում շահառուն բանկերից, վարկային կազմակերպություններից վերցնում էր տեղեկանք, լրացնում դիմում և ներկայացնում ՊԵԿ, ապա հիմա դրա անհարժեշտությունը չկա: Շահառուները կարող են էլեկտրոնային հարթակի միջոցով ներկայացնել դիմումները, գրում է «Առավոտը»։

Նախ՝ շահառուն պետք է բանկերին և վարկային կազմակերպություններին տա համաձայնություն, որպեսզի նրանք կարողանան ՊԵԿ-ին ներկայացնել շահառուների կողմից վճարված տոկոսագումարի վերաբերյալ տեղեկատվությունը:

Հաջորդ քայլով՝ շահառուն պետք է գրանցվի էլեկտրոնային հարթակում, որի համար պետք է ՊԵԿ-ին ներկայացնի էլեկտրոնային փոստի հասցե: Արմինե Հովսեփյանը նշել է, որ շահառուն էլեկտրոնային հասցե կարող է տրամադրել նաև ներկայանալով սպասարկման սրահ, կամ՝ էլեկտրոնային եղանակով անձնական էլ հասցեն ուղարկել ՊԵԿ-ի կայք էջում տեղադրված էլեկտրոնային հասցեներին, և եթե ունեն էլեկտրոնային ստորագրություն, դրանով ստորագրել հայտն ու ներկայացնել ՊԵԿ-ին։

«Այդ գործողություններից հետո շահառուին տրամադրվում է հղում և շահառուն, անցնելով այդ հղումով` կարող է լրացնել հանրային ծառայության համարանիշը, մուտքանուն և գաղտնաբառ և մուտք գործել էլեկտրոնային հարթակ: Եթե շահառուն մոռանում է մուտքանունը կամ գաղտնաբառը, կա կոճակ, որտեղ սեղմելով, ՊԵԿ-ի կողմից դարձյալ ուղարկվում են այդ տվյալները»,-պարզաբանել է ՊԵԿ պաշտոնյան:

Նրա խոսքով, առավելագույնը երեք աշխատանքային օրվա ընթացքում շահառուները կարող են իրենց բանկային հաշիվներին ստանալ եկամտահարկի վերադարձի գումարը, բայց լինում են դեպքեր, որ գումարը շահառուին հասնում է դիմումը լրացնելուց կես ժամ հետո:

Արմինե Հովսեփյանի տվյալներով, նոր համակարգին անցնելուց հետո 2346 շահառու արդեն ստացել են իրենց գումարները, որն, ընդհանուր առմամբ կազմել է 1 միլիարդ դրամ: Նրանք գումարները ստացել են 1 օրվա ընթացքում: Կոմիտեի ներկայացուցչի խոսքով, նախկինում սահմանված էր առավելագույնը 19 աշխատանքային օր:

2020 թվականին եկամտային հարկի վերադարձի գումարներ ստացող շահառուների թիվը եղել է 12,322, և վերադարձվել է 13․ 3 միլիարդ դրամ: 2021-ին վերադարձվել է 22,7 միլիարդ դրամ, շահառուների թիվը կազմել է 21,000: