Կանադացի ռեժիսոր Ատոմ Էգոյանի «Արարատ» կինոնկարը ընթացիկ տարվա սեպտեմբերին կբացի Տորոնտոյի 27-րդ միջազգային կինոփառատոնը: Կինոփառատոնի տնօրեն Պիրս Հանդլինգի խոսքերով, ըստ «Արմինֆո» գործակալության, փառատոնը բացելու իրավունքին հավակնում էին երկու կինոկար` Ատոմ Էգոյանի «Արարատ»-ը եւ Դեվիդ Քրոնենբերգի «Սարդը»: Սակայն ինչպես նշել է Հանդլինգը, «Արարատ» ֆիլմը ավելի հարմար է ճանաչվել փառատոնի բացման արարողության համար: Հիշեցնենք, որ «Արարատ» կինոնկարի ստեղծումը, որը պատմում է Օսմանյան Թուրքիայում 1915 թվականի Հայոց ցեղասպանության մասին, բացասական ռեակցիա է առաջացրել թուրքական իշխանությունների մոտ, որոնք մի շարք միջոցներ էին ձեռնարկել թույլ չտալու համար, որ ֆիլմը դուրս գա մեծ էկրան: