AM
10 February 2022 - 12:36 AMT

EstateGuru-ն տեխնոլոգիական կենտրոն է բացել Երևանում

Երևանում փետրվարի 9-ին բացվել է համաեվրոպական շուկայում անշարժ գույքով ապահովված կարճաժամկետ վարկերի տրամադրման ոլորտի առաջատար EstateGuru ընկերության տեխնոլոգիական կենտրոնը:

EstateGuru-ն առաջատար համաեվրոպական պլատֆորմ է , որն առաջարկում է անշարժ գույքի գրավադրմամբ վարկեր ՓՄՁ-ներին և ներդրումային հնարավորություններ համաշխարհային ներդրողների համար: Ընկերությունը մշակում է անշարժ գույքի ֆինանսավորման և ներդրումների թվային, առանց սահմանների էկոհամակարգ Եվրոպայում և նրա սահմաններից դուրս: Միավորելով տարբեր ծառայություններ մատակարարողներին, ՓՄՁ-ներին և ներդրողներին մեկ պլատֆորմում՝ EstateGuru կարող է տրամադրել եզակի առաջարկ, որը չի առաջարկում ոչ մի այլ ֆինանսական հաստատություն, այն է՝ անխափան, միջսահմանային և թվային ծառայություններ վարկառուների և ներդրողների համար:

Ընկերության՝ Էստոնիայից ժամանած համահիմնադիր և նախագահ Մարեկ Պարտելի խոսքով՝ հարթակի ստեղծման գաղափարը ծագել է մի իրավիճակում, երբ բիզնեսի գործունեությունը դանդաղում է արագ վարկ ստանալու անհնարինության պատճառով: Նա նշեց նաև, որ ՀՀ-ի հետ սկսել են գործակցել այժմ EstateGuru-ի երևանյան գրասենյակի տեխնիկական ղեկավարի պաշտոնը ստանձնած Արարատ Յուզբաշյանի հետ ծանոթությունից հետո:

«EstateGuru-ն 8 տարուց ավելի է գործում: Մեր առաջնային կենտրոնը մշտապես գտնվել է Էստոնիայում՝ միաեղջյուրների հայրենիքում: Մեր ընկերությունը կոչված է դյուրացնելու մասնավոր ներդրողների կողմից վարկեր ստանալու գործընթացը Եվրոպայում անշարժ գույք ունեցող փոքր և միջին ընկերությունների համար: Մեր հարթակում մոտ 120,000 ներդրող ունենք», – նշեց նա:

Պարտելի խոսքով՝ պատրաստվում են շարունակել շարժվել ՀՀ-ում նորարարություններ և ներդրումներ կատարելու իրենց հավակնոտ ճանապարհային քարտեզով՝ միաժամանակ բացահայտելով նոր տաղանդների:

«Դեռ 2013-ից գտել ենք Հայաստանում անհրաժեշտ տեխնիկական մասնագետներին, ու հաշվի առնելով, որ այս երկրում արդյունաբերությունը շարունակում է ծաղկել, որոշեցինք բացել Երևանում ծրագրային ապահովմանն ուղղված տեխնոլոգիական կենտրոն»,- ասաց նա՝ հավելելով, որ թիմն արդեն բաղկացած է 25 մասնագետից ու շարունակելու է ընդլայնվել:

Իր հերթին, Արարատ Յուզբաշյանը հավելեց, որ դեռ 2019-ին ունեին 7 աշխատակից, արդեն այս տարվա ընթացքում պատրաստվում են ներգրավել ևս 13 մասնագետի, իսկ առաջիկա 2-3 տարում թիմում 100 աշխատակցից ավելի կլինի:

«Ընկերության կողմից ՀՀ-ում ներկայացվելու հետաքրքրությունը սկսվեց հենց մեզ հետ գործակցությունից: Հաշվի առնելով Հայաստանում տեխնոլոգիական ոլորտի ներուժը, ոլորտի զարգացվածությունը, սկսեցինք աշխատել միասին՝ նպատակ դնելով նաև մեր երկրում ունենալու հզոր թիմ, որը կլուծի բարձր տեխնոլոգիական խնդիրներ»,- նշեց Յուզբաշյանը:

Ըստ նրա՝ հպարտ են, որ կարող են ներկայացնել միջազգային կազմակերպություն, որի տեխնիկական մասնաճյուղը տեղակայված է Երևանում, ինչն իր հերթին նաև մրցակություն է ստեղծում՝ զարգացնելու ոլորտը:

Արարողության ներկա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի խոսքով՝ EstateGuru-ի տեխնոլոգիական կենտրոնի բացումը Երևանի համար կարևոր է նաև նրանով, որ այն արագ աճող եվրոպական ընկերություն է:

«Միջազգային ներդրողների շրջանում հայկական ՏՏ ոլորտը բավականին մրցունակ է ու պահանջված, ինչն էլ ապացուցում է այսօրվա հերթական ձեռքբերումը: Եվ չնայած 2021-ի մարտահրավերներին՝ մեր երկրի տեխնոլոգիական և ստարտափ ոլորտն աճում է, և վերջին տարում նորաստեղծ բազմաթիվ ձեռնարկություններ դրական արդյունքներ են գրանցել»,- նշեց նախարարը՝ հավելելով, որ այս ամենի նպատակն է Հայաստանը տեխնոլոգիական առաջընթացի տարածաշրջանային հանգույց դարձնելու:

EstateGuru-ի միջազգային թիմն այժմ բաղկացած է 113 մասնագետից 19 տարբեր երկրներից, որոնք տեղակայված են Հելսինկիում, Լոնդոնում, Տալլինում (գլխամասային գրասենյակ), Ռիգայում, Վիլնյուսում, Բեռլինում,Ամստերդամում և Երևանում: 2014-ի ընդլայնումից հետո EstateGuru-ն ներդրումներ է առաջարկում 8 երկրներում՝ տրամադրելով ավելի քան 500 մլն եվրո արժողությամբ վարկեր և պարգևատրելով իր 115,000 ներդրողներին 38 մլն եվրո տոկոսավճարներով: