Ծաղկաձորում գտնվող «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրն օտարվել է «Պրոյեկտ ինտեր-ինվեստ» ընկերությանը: Այդ մասին հայտնել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նա հավելել է, որ սահմանված է եղել 5 միլիարդ դրամ գնային առաջարկ, որն ընկերությունը ներկայացրել է, ինչպես նաև առաջիկա 5 տարվա ընթացքում լրացուցիչ 4.5 մլրդ ներդրումային ծրագիր, տեղեկացնում է «Ազատությունը»։
Ըստ Սանոսյանի` մրցույթին միայն մեկ հայտ է ներկայացվել։
«Գոլդեն Փելես» հյուրանոցը որպես նվիրատվություն էր փոխանցվել պետությանը դեռ 2019-ի աշնանը: Մաքսային ծառայության նախկին ղեկավար Արմեն Ավետիսյանին պատկանող գույքի նվիրատվությունը ենթադրում էր ավելի քան 7 միլիարդ դրամ գնահատված շենք-շինությունները, դրանց սպասարկման համար հատկացված հողամասը, ինչպես նաև ներսում առկա շարժական գույքը:
Գույքն ամրացվել էր Պետական գույքի կառավարման կոմիտեին՝ հետագայում պետության կարիքների համար շահագործելու նպատակով։