Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային համակարգի գործունեության 2021թ․ արդյունքները՝ բանկերն ավելացրել են կապիտալն ու ակտիվները, տրամադրվող վարկերի ծավալները նվազել են։
2021 թվականին Հայաստանում գործող առևտրային 17 բանկի ընդհանուր կապիտալը կազմել է 958 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում աճել է 68 մլրդ դրամով կամ 7.6%-ով։ Տվյալները ներկայացրել է Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը, գրում է «Հետքը»։
2021 թվականի ընթացքում բանկերի ընդհանուր ակտիվներն աճել են 441 մլրդ դրամով կամ 6.7%-ով՝ կազմելով շուրջ 7 տրլն դրամ։ 2021-ի տարեվերջի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից հաճախորդներին տրամադրվող վարկերի ընդհանուր ծավալը կազմել է 3 տրլն 968 մլրդ դրամ։ 2020 թվականի վերջի համեմատ այս ցուցանիշը նվազել է մոտ 214 մլրդ դրամով կամ 5.1%-ով։
Այդպիսով, ստացվում է, որ բանկերը ավելացրել են ակտիվներն ու կապիտալը, սակայն դրան զուգահեռ ավելի «զուսպ» են գտնվել վարկավորելիս։ Բանկերի միության գործադիր տնօրենը դա բացատրում է հաճախորդների վարկունակության թուլացմամբ ու բանկերի կարգավորումների խստացմամբ։
«Կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով վարկունակ պահանջարկը նվազել է, ինչը և սպասվում էր։ Տարվա ընթացքում վարկերի բավականին մեծ ներումներ են եղել։ Այս երկու հանգամանքները հանգեցրել են վարկային ներդրումների նվազմանը։ Բանկերի կարգավորումները սպառողներին վարկավորման մասով ևս ազդել են։ Սակայն չորրորդ եռամսյակից նկատվում են վերականգնման միտումներ։Կարծում եմ՝ առաջիկայում ծավալը կմեծանա»,- նկատել է Սեյրան Սարգսյանը։
Սարգսյանը նաև ասել է, որ 2021 թվականին՝ հետպատերազմական տարում, երբ դեռ ամբողջությամբ հաղթահարված չէին նաև կորոնավիրուսի համավարակի հետևանքները, բանկային համակարգին հաջողվել է դիմակայել մարտահրավերներին և հասցեական ու արդյունավետ կերպով արձագանքել ու լուծում տալ առկա խնդիրներին։
«Հատկանշական է նաև, որ բանկային գործունեության ընթացքում մեղմվել են նաև տնտեսությունում առկա մի շարք խնդիրներ։ Տարին առանձնացել է նաև այն հանգամանքով, որ բանկային համակարգն իր վրա էր վերցրել բավական մեծ սոցիալական բեռ ու իրականացրել մեծածավալ աշխատանքներ»,- ասել է նա։