AM
22 February 2022 - 06:58 AMT

Բայդենը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի անկախության ճանաչումից հետո

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր է ստորագրել պատժամիջոցների մասին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության անկախությունը ճանաչելու մասին փաստաթուղթը ստորագրելուց հետո։

Բայդենի հրամանագրով ԱՄՆ քաղաքացիներին արգելվում է առևտուր անել և ֆինանսավորել ինքնահռչակ հանրապետություններին։

Պատժամիջոցներով ամերիկացիներին արգելվում է նաև ներդրումներ անել ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում, ԱՄՆ ապրանքներ, տեխնոլոգիաներ կամ ծառայություններ ներկրել այդ տարածաշրջաններ, ինչպես այդ շրջաններից՝ ԱՄՆ արտահանել։ ԱՄՆ-ն նաև կարգելափակի ԴԺՀ-ում և ԼԺՀ-ում աշխատող մարդկանց գույքն ու բաժնեմասները, որոնք ղեկավարներ են, պաշտոնյաներ կամ գործադիր տնօրեններ, գրում է «Վեդոմոստին»։

Փաստաթղթում նշվում է, որ ՌԴ կողմից ԴԺՀ-ի և ԼԺՀ-ի ճանաչումը հակասում է Մինսկի համաձայնություններով ՌԴ պարտավորություններին և էլ ավելի է «սպառնում Ուկրաինայի ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը, և, դրանով իսկ, արտակարգ սպառնալիք է հանդիսանում ԱՄՆ ազգային անվտանգությանն ու արտաքին քաղաքականությանը»։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն Անվտանգության խորհրդի արտահերթ նիստում խստորեն դատապարտել է Դոնբասի տարածք ՌԴ զորքեր ուղարկելու Կրեմլի որոշումը, գրում է Deutsche Welle-ն։

Նա նաև հայտարարել է, որ ոչ ԱՄՆ-ն, ոչ նրա դաշնակիցները մտադիր չեն միջուկային զենք տեղակայել Ուկրաինայի տարածքում։

Մինչդեռ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին փետրվարի լույս 22-ի գիշերն իր ուղերձում հայտարարել է, որ անկախ ՌԴ պնդումներից, Ուկրաինայի միջազգայնորեն ճանաչված սահմաններն անփոփոխ կմնան և որ ՌԴ կողմից «այսպես կոչված ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչումը չի վախեցրել ուկրաինացիներին»։

Փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին։ Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահպանումն այդ շրջաններում, իսկ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ և բանակցել բարեկամության պայմանագրեր կնքելու շուրջ։

ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախության մասին հայտարարել էին դեռևս 2014-ին, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտություն սկսվեց։ Ավելի ուշ հանրապետությունները Ուկրաինայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեներ են անցկացրել, որոնց արդյունքները Ուկրաինան, ԱՄՆ-ն Եվրոպայի և մի շարք այլ երկրներ չեն ընդունել։