AM
22 February 2022 - 11:28 AMT

Բագրատաշենում նոր կամրջի առաջին 2 հեծանը տեղադրվել է

Բագրատաշենի սահմանային հսկողության անցակետում շարունակվում են Դեբեդ գետի վրա նոր կամրջի կառուցման աշխատանքները։ Տեղադրվել են նոր կամրջի մակերեսի առաջին 2 հեծանը։

Ընդհանուր առմամբ, կամուրջը բաղկացած է լինելու 50 հեծանից, որոնցից 24-ն արդեն արտադրված է և պատրաստ տեղադրման։

Հայաստանի և Վրաստանի միջև պետական սահմանի Սադախլո-Բագրատաշեն անցման կետի տարածքում նոր կամրջի կառուցումը հայ-վրացական համատեղ ծրագիր է։ Կառուցման մեկնարկը տրվել էր 2021թ․ գարնան վերջին։

Շինարարությունը ֆինանսավորվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի‚ Հայաստանի և Վրաստանի կառավարությունների կողմից։

Կամրջի շինարարության ծրագիրն իրականացնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։