ՌԴ Պետդուման վավերացրել է ԴԺՀ և ԼԺՀ հետ բարեկամության, գործակցության և փոխօգնության մասին պայմանագրերը։ Որոշումն ընդունվել է միաձայն, հայտնում է Interfax-ը։
Դուման նաև կողմ է քվեարկել այն ուղղմանը, ըստ որի պայմանագրերն ուժի մեջ են մտնում հրապարակման պահից։
«Ուղղումն արվել է միայն մեկ ցանկությամբ՝ որպեսզի օրենքը որքան հնարավոր է արագ ուժի մեջ մտնի»,- ասել է Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը։
Փետրվարի 21-ի երեկոյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագրեր է ստորագրել ԴԺՀ և ԼԺՀ անկախության ճանաչման մասին։ Նա հանձնարարել է ՌԴ պաշտպանության նախարարությանը՝ ապահովել խաղաղության պահպանումն այդ շրջաններում, իսկ ԱԳՆ-ին՝ դիվանագիտական հարաբերություններ հաստատել հանրապետությունների հետ և բանակցել բարեկամության պայմանագրեր կնքելու շուրջ։
ԴԺՀ-ն և ԼԺՀ-ն անկախության մասին հայտարարել էին դեռևս 2014-ին, երբ Ուկրաինայի Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում զինված հակամարտություն սկսվեց։ Ավելի ուշ հանրապետությունները Ուկրաինայից անկախանալու վերաբերյալ հանրաքվեներ են անցկացրել, որոնց արդյունքները Ուկրաինան, ԱՄՆ-ն Եվրոպայի և մի շարք այլ երկրներ չեն ընդունել։