Գորիս–Կապան ճանապարհին ադրբեջանական անցակետի տեղադրման ու այլընտրանքային ճանապարհի անմատչելիության հետևանքով Հայաստան–Իրան առևտրաշրջանառությունը կրճատվել է։ Այդ մասին կառավարության նիստից հետո ճեպազրույցում հայտնել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։
«Կրճատվել է ոչ թե 2020-ի համեմատ, որովհետև 2021-ին մենք 2020–ի համեմատ Իրանի հետ առևտրաշրջանառության 25 տոկոսանոց աճ ենք ունեցել և հասել ենք 500 մլն դոլարի սահմանաչափի։ Բայց այս աճն անհամեմատ ավելի քիչ է եղել, քան մենք պլանավորել էինք։ Այնպես որ ասել` կրճատվել է, ճիշտ չէ, պետք է ասել` քիչ է աճել»,– ասել է Քերոբյանը։
Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանական մաքսակետեր են տեղադրվել 2021–ի նոյեմբերի 11-ից և նոյեմբերի 15-ից։2021թ–ի դեկտեմբերի 12-ին Ադրբեջանի ՊԵԿ նախագահ Սաֆար Մեհտիևը հայտարարել էր, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնող տրանսպորտային միջոցներից գանձվող գումարից Ադրբեջանի պետբյուջե է մուտքագրվել մոտ 1,2 մլն դոլար։