AM
23 February 2022 - 14:48 AMT

Քերոբյան․ Մեր դիրքորոշումն է՝ բացել շուկան թուրքական ապրանքների համար

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, անդրադառնալով այն դիտարկմանը, որ շուկան ողողված է թուրքական լոլիկով և վարունգով, ասել է, որ կառավարութան դիրքորոշումն է բացել շուկան թուրքական ապրանքների համար։

Նա ասել է, որ հայկական շուկան կարող է ողողված լինել թուրքական ապրանքներով, քանի որ ներմուծման արգելքը հանվել է․ դա օրենքի մեջ է, տեղեկացնում է 24news.am-ը։

Նախարարն ասել է նաև, որ 2021 թվականին բանջարեղենի մեծ դեֆիցիտ է եղել հայկական շուկայում և որ հումքի սակավության պատճառով ստիպված են եղել ներկրել, հիմնականում Իրանից։

Քերոբյանը հավելել է, որ այս տարի ևս պահանջարկը մեծ է։ Նա նշել է նաև, որ այս առումով անհանգստությունը չի կիսում, քանի որ չի կարելի խուսափել մրցակցությունից։

Այն դիտարկմանը, թե հայ արտադրողը տուժում է, քանի որ էներգակիրները թանկ են, նախարարն ասել է, որ իրոք այդպես է և հավելել, որ կառավարութան դիրքորոշումն է բացել շուկան թուրքական ապրանքների համար։ Նա նշել է, թե այդ դիտարկում չի վերաբերում միայն թուրքական ապրանքներին, այլ մյուս բոլոր երկրներից ներկրվողներին ևս։

2022թ․ հունվարի 1-ից թուրքական ապրանքների ներմուծման արգելքը վերացել է։ Ավելի վաղ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունն առաջարկել էր ժամանակավորապես արգելել թուրքական ծագման ապրանքների ներմուծումը Հայաստան, քանի որ «թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման սահմանափակումն իրենից ենթադրում է նախևառաջ անվտանգային բաղադրիչ՝ հաշվի առնելով քանիցս հաստատված փաստերը, ըստ որոնց Թուրքիան բացահայտ աջակցում ու սատարում է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմական և ահաբեկչական գործողություններին»։

2019 թվականին Թուրքիայից Հայաստան ապանքների ներմուծումը, ըստ ծագման երկրի հատկանիշի, կազմել է $268.1 մլն։ Թուրքիայից ներմուծվող հիմնական խոշոր ապրանքախմբերն են՝ hագուստ՝ $69.4 մլն, ցիտրուսային պտուղ՝ $10.3 մլն, մեքենաներ, սարքավորումներ և մեխանիզմներ՝ $35.3 մլն, նավթ և նավթամթերք՝ $24.3 մլն, քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանք՝ $23.6 մլն, ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր՝ $21.6։