AM
24 February 2022 - 10:31 AMT

Ալիև․ Մոտ ապագայում գուցե ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ գործակցության ձևաչափ լինի

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Մոսկվայում ԶԼՄ-ների գլխավոր խմբագրերի հետ հանդիպմանը հայտարարել է, որ մոտ ապագայում կարող է ձևավորվել ՌԴ-Ադրբեջան-Թուրքիա եռակողմ գործացության ձևաչափ։

«Գաղտնիք չէ, որ արդեն ձևավորվում է փաստացի նաև եռակողմ համագործակցության ձևաչափ։ Այն դեռ ձևակերպված չէ, դեռ չեն եղել ԱԳ նախարարների հանդիպումներ, էլ չասած նախագահների մասին, բայց այն ձևավորվում է։ Այն ձևավորվում է ընդհանուր շահերի, պրագմատիզմի և նմանության հիմքի վրա»,-ասել է նա, գրում է ՏԱՍՍ-ը։

Ալիևը նշել է երեք երկրի կառավարման համակարգերի և արժեքների նմանությունները՝ գոհունակությամբ ընդգծելով վստահելի հարաբերությունները ՌԴ և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև։

«Նրանք երկուսն էլ հրապարակավ խոսում են այդ մասին։ Կարծում եմ՝ հեռու չէ այն օրը, երբ մենք կձևակերպենք այդ հարաբերությունները։ Քանի որ Ադրբեջանը ՌԴ և Թուրքիայի դաշնակիցն է, հաջորդ քայլը ևս ակնկալելի է։ Դա մեր գործը չէ, բայց մենք միշտ աշխատել ենք երկու երկրի շահերի մերձեցման ուղղությամբ»,-ասել է նա։

Ալիևը նաև պատմական է որակել ՌԴ և Ադրբեջանի միջև Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիրը՝ նշելով, որ ոչ մի այլ երկիր չի կարող պարծենալ դաշնակցային հարաբերություններով երկու մեծ երկրրի հետ, որոնցից մեկը ՆԱՏՕ-ի անդամ է, մյուսը՝ ՀԱՊԿ-ի։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մոտ 4 ժամ տևած բանակցություններից հետո փետրվարի 22-ին Դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որում 40-ից ավելի կետ կա։ Պուտինը ստորագրված հռչակագիրն անվանել է երկու երկրների հարաբերությունների նոր փուլ։

Փաստաթղթում անդրադարձ կա նաև ռազմական փոխգործակցությանը։ Նշվում է, որ գործակցությունը ՌԴ–ի և Ադրբեջանի ԶՈւ–ների միջև ներառելու է օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումների անցկացում, ինչպես նաև երկկողմ ռազմական համագործակցության այլ ուղղությունների զարգացում։

Փաստաթղթում ասվում է նաև, որ անվտանգության ապահովման, կայունության և խաղաղության պահպանման նպատակով ՌԴ-ն և Ադրբեջանը կարող են դիտարկել միմյանց ռազմական օգնություն տրամադրելու հնարավորությունը՝ ՄԱԿ կանոնադրության, առանձին միջազգային պայմանագրերի հիման վրա և հաշվի առնելով կողմերից յուրաքանչյուրի միջազգային և իրավական պարտավորությունները։