AM
25 February 2022 - 07:39 AMT

ԵՄ-ն կարգելի ինքնաթիռների արտահանումը ՌԴ, ԱՄՆ-ից պատժամիջոցներ կան բանկերի, այդ թվում՝՝ ՎՏԲ-ի դեմ

Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտարարել է, որ, ի թիվս այլ պատժամիջոցների, կարգելվի ինքնաթիռների արտահանումը ՌԴ, ինչպես նաև սարքավորումների մատակարարումը ռուսական ավիաընկերություններին, գրում է «Իզվեստիան»։

Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության, հայտնում է Deutsche Welle-ն։

Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։

ՌԴ դեն «ջախջախիչ պատժամիջոցների» մասին է հայտարարել, նաև ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։ Ըստ նրա՝ նոր պատժամիջոցներն ուղղված են ռուսական 4 բանկի դեմ, այդ թվում՝ ՎՏԲ-ի։ Ցուցակում ընդգրկված բանկերը հեռացվում են ԱՄՆ ֆինանսական շուկայում գործունեությունից և ԱՄՆ դոլարով գործարքներից։

Միևնույն ժամանակ, SWIFT համակարգից Ռուսաստանի անջատում դեռևս չի նախատեսվում:

Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ռուսական ՎՏԲ բանկի, «Աերոֆլոտ» ավիաընկերության դեմ և արգելել է բարձրտեխնոլոգիական արատդրության արտահանումը Ռուսաստան, գրում է BBC-ն։

Ճապոնիայի պատժամիջոցներով արգելվում է վիզաների տրամադրումը ՌԴ քաղաքացիներին և սառեցվում են մասնավոր անձանց ու կազմակերպությունների ֆինանսական ակտիվները, ինչպես նաև արգելվում է այնպիսի ապրանքների արտահանումը ՌԴ, որոնք կարող են կիրառվել ռազմական նպատակով։

Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, իր հերթին, հայտնել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընտրել է միտումնավոր պատերազմը, որը աղետալի զոհերի և տառապանքների է հանգեցնելու և ասել, որ «միասնական և վճռական պատասխան է լինելու»։