Ռուսաստանյան ՎՏԲ բանկի նկատմամբ կիրառված սահմանափակումները չեն ազդի Հայաստանի մասնաճյուղի հաճախորդների միջոցների անվտանգության և հասանելիության վրա։ Այդ մասին ասվում է ՎՏԲ-Հայաստան բանկի հայտարարության մեջ։
Նշվում է, որ բոլոր հաշիվներն ակտիվ են և հաճախորդների միջոցները հասանելի են ինչպես բանկի մասնաճյուղերում, այնպես էլ հեռահար սպասարկման տարբերակով: Դրանք կարելի է ամբողջությամբ օգտագործել Հայաստանի տարածքում ազգային արժույթով բոլոր գործարքներն իրականացնելու համար։ Բանկը կատարում է հաճախորդների նկատմամբ իր պարտավորությունները:
Նշվում է, որ բանկի հաճախորդները կարող են իրենց միջոցները կանխիկացնել Հայաստանի ամբողջ տարածքում տեղակայված ցանկացած բանկոմատներից` ինչպես ՎՏԲ–ի, այնպես էլ այլ գործընկեր-բանկերի:
Իսկ արտերկրում գտնվող հաճախորդներին խորհուրդ է տրվում միջոցները կանխիկացնել կամ վճարումներ կատարել այլ բանկերի քարտերով:
Փետրվարի 24-ի վաղ առավոտյան ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին։ Նա ասել է, որ նպատակը մարդկանց պաշտպանելն է, որոնք «ենթարկվում են ցեղասպանության Կիևի ռեժիմի կողմից»։ Պուտինը հավելել է, որ ՌԴ-ն ձգտելու է Ուկրաինայի «ապառազմականացմանը և ապանացիֆիկացիայի»։ Ուկրաինայի ամբողջ տարածքում ռազմական դրություն է հայտարարվել։ Զելենսկին հայտարարել է ՌԴ հետ հարաբերությունները խզելու մասին։
Եվրամիության պետությունների և կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են Մոսկվայի դեմ պատժամիջոցների նոր, արդեն երկրորդ փաթեթը՝ Ուկրաինա ռուսական զորքերի ներխուժումից հետո։ Պատժամիջոցների նոր փաթեթը վերաբերում է ՌԴ բանկային շուկայի 70 տոկոսին և առանցքային պետական ձեռնարկություններին, այդ թվում՝ ռազմարդյունաբերության: Պատժամիջոցներն ուղղված են նաև ՌԴ տնտեսության էներգետիկ և տրանսպորտային ոլորտների դեմ, առնչվում են նաև արտահանման վերահսկողությանն ու նոր ֆիզիկական անձանց ներգրավմանը պատժամիջոցների ցուցակում։։